ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 500 000-ը
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը գերազանցել է կես միլիոնը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:
Փետրվարի 19-ի դրությամբ՝ ԱՄՆ ողջ տարածքում արձանագրված մահվան դեպքերի թիվը կազմում է 505 309: Մահվան ամենից շատ դեպքեր գրանցվել են Կալիֆոռնիա (48 347), Նյու Յորք (46 676), Տեխաս (41 883), Ֆլորիդա (29 476), Փենսիլվանիա (23 510), Նյու Ջերսի (22 721) և Իլինոյս (22 297) նահանգներում:
ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է ինչպես «Քովիդ-19»-ից մահացության, այնպես էլ վարակման դեպքերի թվով: Այստեղ կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 28,5 մլն-ը: Այս ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը և Բրազիլիան, որտեղ վարակակիրների թիվը գերազանցել է 10 մլն-ը: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան: