Փաշինյանի հետ հանդիպմանը «հասարակ ժողովրդից» ոչ մեկը չհարցրեց՝ այդ ինչպե՞ս ունեցանք հազարավոր զոհեր և վիրավորներ, կորցրինք Արցախի 70 %-ը, նրանք պահանջում են հաշվեհարդար տեսնել նախկինների հետ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Ինձ փոքր-ինչ տարօրինակ թվաց, որ նախկին Թալինի շրջանի Աշնակ գյուղում, որտեղ, որքան գիտեմ, Դաշնակցության ազդեցությունը մեծ է, «ժողովրդի ներկայացուցիչը» կոչ էր անում «վերացնել էս ազգից» նաև այդ կուսակցությունը: Բայց եկեք վերանանք այդ կասկածներից և ընդունենք, որ մարդիկ ասում էին իրենց սրտից բխած խոսքերը: Եվ այսպես, Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «հասարակ ժողովրդի» ներկայացուցիչներից ոչ մեկը չհարցրեց, թե «պարոն վարչապետ, այդ ինչպե՞ս եղավ, որ մենք պարտվեցինք պատերազմում, որ ունենք հազարավոր զոհեր և վիրավորներ, որ կորցրել ենք Արցախի 70 տոկոսը, իսկ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում են ադրբեջանցիների նշանառության տակ»:
Նոյեմբերի 10-ից հետո վարչապետին առաջին անգամ տեսած քաղաքացին, կարծում եմ, բնական է, պիտի հետաքրքրվեր այդ հարցերով: Բայց պարզվում է, այդ համայնքների բնակիչներին նման հարցերը բացարձակապես չեն հուզում: Նրանց ուշադրության կենտրոնում են ներքաղաքական կրքերը, իսկ ավելի կոնկրետ՝ նրանք պահանջում են հաշվեհարդար տեսնել «սերժառոբականների» հետ: Ստացվում է, որ հենց դա՛ է, ըստ նրանց, մեր երկրի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը։
Եթե Հայաստանում գերիշխում է նման մտածելակերպը, ուրեմն ներկայիս վարչապետը «քարթ-բլանշ» ունի ոչ միայն իշխելու մոտակա տասնամյակների ընթացքում (դա ամենամեծ ողբերգությունը չէ), այլև կատարելու ցանկացած ապօրինություն, ինչպես նաև թշնամուն հանձնելու Հայաստանի ցանկացած գյուղ կամ շրջան: Ամեն մի գյուղ հանձնելուց հետո կարելի է գնդակահարել որևէ «ժողովրդի թշնամու»՝ «էլեկտորատի» հրճվալից բացականչությունների ներքո»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: