Անցանկալի համայնքապետները կհեռացվեն. Նոր հակասահմանադրական նախագիծ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մի շարք համայնքապետերի, ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ, ապա եւ ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։
Կառավարությունը հերթական հակասահմանադրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է երկարաձգել լիազորությունների ժամկետը լրացած ավագանիների լիազորությունը մինչեւ նորընտիր ավագանու ձեւավորումը։
Սակայն նույնը չի նախատեսվում համայնքների ղեկավարների պարագայում։ Ճիշտ հակառակը՝ կառավարությունը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակում, ինչը խտրական վերաբերմունք է ընտրված համայնքապետերի նկատմամբ։
Իշխանության մեր աղբյուրներն անկեղծանում են, որ քրեական գործեր հարուցելով՝ չկարողացան ազատվել անցանկալի համայնքապետերից, հիմա կփորձեն օգտվել ռազմական եւ արտակարգ դրության ռեժիմներից։ Այն համայնքապետերը, որոնց պաշտոնավարման ժամկետները կլրանան, կփոխարինվեն իշխանության սրտի թեկնածուներով, որոնք հետագայում ոտքները կպնդացնեն ու կընտրվեն այդ պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: