Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Շիրակի եւ Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք), Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում եւ Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին եւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։