Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքը, ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում հակամարտությունների կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմին:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Նախագահ Էրդողանն ասել է, որ թուրք և ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ` տրանսպորտային ուղիներն ավելի արդյունավետ օգտագործելու համար, որոնց վերականգնմանն ուղղված աշխատանքները տեղի են ունենում հունվարի 11-ին ստորագրված հայտարարությունից հետո: Էրդողանը նշել է, որ Աղդամի (Ակնա) համատեղ կենտրոնը հաջողությամբ կատարում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու և վերահսկելու խնդիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Էրդողանը ընդգծել է սիրիական հիմնախնդրի լուծման ընդհանուր շահագրգռվածությունը, և որ չպետք է վատնել Լիբիայում խաղաղության և կայունության հնարավորությունը: