Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ քննարկել է «ՌԴ-ին հակազդելու անհրաժեշտությունը»
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից մարտահրավերներին դիմակայելու համար պաշտպանական ծախսերը խիստ անհրաժեշտ են, ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
«Նա թվարկել է մի շարք սպառնալիքներ և մարտահրավերներ, որոնց առջև կանգնած է դաշինքը, այդ թվում՝ Ռուսաստանի ապակայունացնող վարքագիծը, Չինաստանի աճող հզորությունը, ահաբեկչությունը, ինչպես նաև գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են՝ կորոնավիրուսը և կլիմայի փոփոխությունը։
Նախարար Օսթինը նշել է՝ Ռուսաստանի գործողություններին պատասխանելու և ՆԱՏՕ-ի առջև ծառացած այլ մարտահրավերներին դիմակայելու համար պաշտպանական ծախսերը խիստ անհրաժեշտ են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Օսթինը «վերստին ընդգծել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումն այն մասին, որ Միացյալ Նահանգները մտադիր է ՆԱՏՕ-ի հետ կրկին ակտիվացնել հարաբերությունները»։