Անարդյունավետ աշխատանքի մեղքը փորձում են գցել ուրիշի վրա. օրենքի խախտումով արված ուսումնասիրությունն ավարտվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արարատի և Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը վերջապես ներկայացրել է իր աշխատանքների վերաբերյալ զեկույց:
Նախ՝ ընդգծենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 10-ին գրել էր, որ այս հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել էր, սակայն այդպես էլ եզրակացություն չէր ներկայացվել, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտում է: Ավելին՝ 2020 թվականին հանձնաժողովը նիստ էր գումարել ընդամենը մեկ անգամ, իսկ 2019-ին էլ՝ 5 անգամ: Եվ, ահա, զեկույցը վերջապես ներկայացվել է:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է այն, որը կազմված է 31 էջից, որում ներկայացված են կատարված աշխատանքները և հանձնաժողովի կողմից ևս 12 առաջարկ: Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովն աշխատանքների ոչ արդյունավետությունը փորձում է ներկայացնել ուրիշի մեղքի տեսքով:
Օրինակ՝ նրանք եզրակացության մեջ նշում են, թե դժվարություններ են ունեցել ԾԻԳ-երի աշխատանքն ուսումնասիրելու հարցում, քանի որ փաստաթղթերը ուշ են տրամադրվել: Իսկ առավել շատ խնդիրներ հանձնաժողովը հայտնաբերել է շինարարական մրցույթներում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: