Երկրի ղեկավարությունը կարծում էր, որ ձերբակալություններն ավելի են բորբոքելու կրքերը․ Միհրան Հակոբյանը՝ հեղափոխությունը կանխելու մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«2018-ի ապրիլի 23-ին խորհրդավոր տեքստով իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց «Արմնյուզին»՝ երեք տարի անց պատմելով, թե ինչու ինքը հրաժարական տվեց: Իսկ ինչ տվեցին մեզ երրորդ նախագահի՝ երեք տարի անց տված պարզաբանումները, երբ բանը բանից անցել է. հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին:
«Ձեր գործընկեր լրագրողն այդ հարցը տալիս է, և ...նախագահ Սերժ Սարգսյանը, ես կարծում եմ, համապարփակ պատասխանեց այդ հարցին, թե ինչու տեղի ունեցավ հրաժարականը, ինչով էր դա պայմանավորված, և շատ ազդեցիկ մեսիջներ տվեց, որ ցանկացած վերլուծող մարդ հասկանում է՝ իրադրությունը 2018-ի ապրիլին ստեղծված էր այնպես՝ տարատեսակ ուժերի կողմից, որ հրաժարական չտալը և չհեռանալը հանգեցնելու էր արյունահեղության: Եվ իր խոսքում էլ նախագահ Սարգսյանը նշեց, որ ցուգցվանգային իրավիճակում էր հայտնվել»:
-Նրա պատասխանները լրացուցիչ հարցեր առաջացրին: Օրինակ, երբ ասում է՝ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը ստանալ այդպիսի ընթացք, հարց է առաջանում՝ ինչի՞ համար էիր դուք՝ նրա թիմակիցները, կանխատեսեիք, հուշեիք նրան, որ Գյումրիից մեկնարկած մի քանի հոգանոց շարժումն էսկալացիա է ունենում, կամ՝ ԱԱԾ, ոստիկանություն չկա՞ր երկրում, նրան չէ՞ին զեկուցում իրավիճակը:
- Նիկոլ Փաշինյանը Երևան մտել է մինչև 20 հոգի մարդով, և ակնհայտ էր, որ կանխատեսել, թե նման թափ կարող է ստանալ, ես՝ անձամբ, չէի կարող: Իսկ անվտանգության, հետախուզական ծառայությունները, իրավապահ համակարգը, չեմ կարծում, թե ինձանից, Ձեզանից ավելի շատ բան կարող էին տեսնել: Երբ Նիկոլ Փաշինյանը Երևան էր մտնում 20 հոգով, դրա դինամիկան, աճը կանխատեսել, որ դա կարող է վերածվել 100 հազարների, մի փոքր բարդ խնդիր է: Չնայած, որ մենք՝ բոլորս, երևի թե հիմա հասկանում ենք, թե դա ինչպես եղավ, ինչ ցանցեր աշխատեցին ներսից և դրսից, և ինչ էր պլանավորված:
-Իսկ երբ Ռադիոտունն էին գրավում՝ դուռը կոտրելով, այդ ժամանակ ոստիկանությունը լեգիտիմ իրավունք չունե՞ր ուժ կիրառելու, Սերժ Սարգսյանն իրեն չէ՞ր կարող իրավունք վերապահել՝ այդ խնդիրն օրենքի դաշտում լուծելու:
-Ես կարծում եմ, երբ որ պետական ռեժիմային հիմնարկի վրա հարձակում է տեղի ունենում, իրավապահ համակարգը պետք է գործի և արձագանքի շատ կտրուկ:
-Տեղեկություն կա, որ փորձել է գործել, Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է Սերժ Սարգսյանին, որ այսպիսի իրավիճակ է, սակայն նա թույլ չի տվել:
-Ես կարող եմ ասել այն, ինչ տեսել եմ, որ ներխուժել են պետական ռեժիմային հիմնարկ, ջարդել են դուռը, և դրանից հետո ոչինչ չի ձեռնարկվել:
-Ինչո՞ւ: Այդ հարցը չե՞ք տվել Սերժ Սարգսյանին:
-Ես ունեմ իմ ենթադրությունը, որ այդ ժամանակ երկրի ղեկավարությունը կարծում էր, որ ձերբակալություններն ավելի են բորբոքելու կրքերը, ավելի լավ է չձերբակալել, թող այդ շարժումն իր հունով գնա մարի: Այստեղ հստակ աքսիոմ է գործում, որ այն, ինչ տեղի է ունեցել, անօրինականություն է: Այստեղ հակընդդեմ հարցն է առաջանում՝ իսկ հեղափոխությունն օրինակա՞ն է: Ցանկացած հեղափոխություն անօրինական է:
-Սերժ Սարգսյանն ասում է՝ ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին, ոչ թե սրանց (Փաշինյանին և իր թիմակիցներին): Ինչպե՞ս է հանձնել Կարեն Կարապետյանին, եթե այն հետո վերցրին սրանք:
-Ես երևի առաջին անգամ եմ հրապարակային խոսում այդ մասին, պատմեմ մի փոքրիկ դրվագ, որ 2018 թվականի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ես հանդիպել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ունեցել եմ առանձնազրույց, ինքն ինձ հարցրել է. «Մեր մեջից տարիքով ամենափոքրը դու ես, ի՞նչ ես կարծում, Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է Հայաստանի վարչապետ լինել»: Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող Հայաստանի վարչապետ լինել, և եթե նա լինի վարչապետ, Լեռնային Ղարաբաղը և իր՝ Սերժ Սարգսյանի կյանքի գործը վտանգի տակ է դրվելու: Նախագահն ինձ ասաց՝ շատ լավ, այդ դեպքում կարո՞ղ ես ընդունել Կարեն Կարապետյանին այնպես, ինչպես ինձ ես ընդունել. Կարեն Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն է: Ես ասացի՝ պարո՛ն նախագահ, իրավիճակն այնպիսին է, որ Դուք, կոպիտ ասած, մեր հրամանատարն եք, և այդ հրամանը, որ Դուք կարծում եք, որ հիմա պետք է կատարվի, ուրեմն պետք է կատարվի: Եթե մեր վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ուրեմն Կարեն Կարապետյանն է:
-Ձեր թիմի ներսում բոլորը չէ, որ ընդունում էին Կարեն Կարապետյանին:
-Ես ասում եմ այն խոսակցությունը, որ ունեցել եմ նախագահ Սարգսյանի հետ... Դրանից հետո անցել են հաշված ժամեր, և մեր խմբակցության ներկայությամբ, պարոն Կարապետյանն էլ ներկա է եղել, երբ մենք հանդիպել ենք Սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը մեզ ասել են, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ի վարչապետի ընտրության օրը թեկնածու չունի:
-Ինչո՞ւ: Չէի՞ք վստահում Կարեն Կարապետյանին:
-Չէ, չվստահելու հարցը չէ, ՀՀԿ խմբակցության մեծամասնությունը համաձայնությունը տվել էր... Ես, համենայնդեպս, չգիտեմ մարդ, ով ասում էր՝ ես չեմ ընտրելու Կարեն Կարապետյանին: Թե ինչ եղավ, երբ որ արդեն փոխվարչապետ Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանձնել էր իշխանությունը, Սերժ Սարգսյանի՝ հրաժարական տալուց հետո ինքն էր վարչապետի պաշտոնակատարը, և ՀՀԿ խմբակցությունն էլ պատրաստ էր նրան ընտրել ՀՀ վարչապետ, թե ինչ եղավ հետո, որ Կարեն Կարապետյանը հրաժարվեց ստանձնել վարչապետի պաշտոնը, դա, երևի, արդեն պետք է հարցնել Կարեն Կարապետյանին:
-Իսկ իմ տեղեկությամբ՝ ձեր փակ նիստին քննարկվել է ինչպես Կարեն Կարապետյանի, այնպես էլ այլ թեկնածուի, օրինակ՝ Վիգեն Սարգսյանի անունը, բայց ներսում դեմ են եղել:
-Նման քննարկում տեղի չի ունեցել: Մենք բոլորս՝ անհատապես, առանձնազրույց ենք ունեցել Սերժ Սարգսյանի հետ, ինքը հարցրել է մեր տեսակետները, որի մասին ես պատմեցի, դրանից հետո խմբակցությունում հակակարենկարապետյանական տրամադրություններ ես չեմ հիշում, և նման քննարկում՝ որպես այդպիսին, որ եկեք քննարկենք՝ Կարեն Կարապետյանն է, Վիգեն Սարգսյանն է, թե Միհրան Հակոբյանը, չի եղել:
-Այսինքն՝ Ձեզ համար էլ էր տարօրինակ, թե ինչու չառաջադրվեց Կարեն Կարապետյանը:
-Անձամբ ինձ համար՝ այո:
-Սերժ Սարգսյանն ասում է՝ Ես հրաժարական տվեցի, որ արյուն չթափվեր, քանզի հրապարակում բազմաթիվ կանայք, երեխաներ կային, ու միաժամանակ իշխանությունը փոխանցեց Կարեն Կարապետյանին, ստացվում է՝ Կարեն Կարապետյա՞նը պիտի մտներ արյան տակ և ուժ կիրառեր:
-Բայց խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, չէ՞, իրենք Սերժին էին մերժում, չէ՞, շարժումն էդպիսին էր, Կարեն Կարապետյանի մասին խոսակցություն չկար:
-Բայց ինչ-որ պահից սկսեցին նաև Կարեն Կարապետյանին մերժել, երբ Կարապետյանի ձեռքը բռնած՝ Նիկոլ Փաշինյանը դուրս Եկավ մեկուսարանից ու եկավ հրապարակ, այդ ժամանակ սկսեցին նաև Կարենին մերժել:
-Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կա՛մ ես եմ լինելու Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու: Միգուցե հենց այդ հաշվարկով էլ Կարեն Կարապետյանը հրաժարվեց ստանձնել վարչապետի պաշտոնը՝ հասկանալով, որ եթե իրադրությունը Նիկոլ Փաշինյանը բերում մտցնում է փակուղի, ապա, որպես մարդ, ով սովոր է տասը տարին մեկ «մարտի մեկեր» սարքել և արյուն թափել, հնարավոր է, որ արյուն հոսի: Միգուցե դա դեր խաղաց, որ Կարեն Կարապետյանը հրաժարվեց ստանձնել վարչապետի պաշտոնը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: