ԱՄՆ-ում 1 շաբաթում ցածր ջերմաստիճանի մոտ 2000 ռեկորդ է գրանցվել. եղանակային վատ պայմանների հետևանքով առնվազն 26 մարդ է մահացել
ԱՄՆ-ում տիրող անոմալ ցուրտ եղանակը ծայրահեղ վիճակի է հասցրել ենթակառուցվածքները. փետրվարի 16-ի դրությամբ մի քանի միլիոն տնտեսություն զրկվել է էներգամատակարարումից:
Ինչպես հայտնում է CNN-ը, եղանակային վատ պայմանների հետևանքով առնվազն 26 մարդ է մահացել: Որոշ շրջաններում ձմեռային պտտահողմեր են ձևավորվում:
Բացի այդ, ցրտերի պատճառով երկրի մի շարք շրջաններում ընդհատվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը, քանի որ դժվարացել է պատվաստանյութի մատակարարման գործընթացը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ձմեռային ծայրահեղ եղանակային պայմանների հարցով խորհրդակցություն է անցկացրել մի քանի նահանգների, այդ թվում՝ Տեխասի, Լուիզիանայի և Կենտուկիի նահանգապետերի հետ: ԱՄՆ վարչակազմը մտադիր է կիրառել բոլոր հասանելի ռեսուրսները մարդկանց օգնելու համար:
«Զգալի ծավալներով ձյան տեղումները, սառցանձրևները չորեքշաբթի և հինգշաբթի ևս կշարունակվեն երկրի կենտրոնական և հարավային շրջաններում»,- հայտնել են երկրի ազգային եղանակային ծառայությունից:
Ձմեռային փոթորկի նախազգուշացումներ են տրվել Միսիսիպի, Օկլահոմա, Թենեսի, Տեխաս և Արկանզաս նահանգներում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրի տարբեր հատվածներում արդեն մոտ 2000 անգամ ցածր ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել: Առվազն 20 քաղաքներում այս տարի ամենացուրտ ձմեռային պայմաններ են արձանագրվել: