«Մեր դեմ պատերազմի դեպքում կտեսնեն այն, ինչ չեն տեսնել Իսրայելի հիմնադրման օրվանից ի վեր». «Հեզբոլլահ»-ի առաջնորդն արձագանքել է Իսրայելի զորավարժություններին
«Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը նախազգուշական ելույթով է հանդես եկել՝ ուղղված Իսրայելին, երբ այդ երկրի Պաշտպանության բանակը զորավարժություններ է անցկացրել՝ պատերազմ նմանակելով Իրանի կողմից աջակցություն ստացող լիբանյանյան շարժման դեմ:
«Իսրայելի ներքին ուժերը պետք է իմանան, որ «Հեզբոլլահ»-ի հետ պատերազմի դեպքում կտեսնեն այն, ինչ չեն տեսնել Իսրայելի հիմնադրման օրվանից»,- EADaily-ի փոխանցմամբ՝ ասել է Նասրալլահը:
«Մենք չենք ձգտում Իսրայելի հետ պատերազմի, սակայն եթե Իսրայելն այն սկսի, մենք պայքարելու ենք»,- հավելել է շարժման ղեկավարը:
Նրա խոսքով՝ եթե Իսրայելը որոշի ռմբակոծել Լիբանանի քաղաքները, իրենք էլ կռմբակոծեն իսրայելական քաղաքները, իսկ եթե հարվածեն իրենց ռազմական դիրքերին, ապա համապատասխան հակահարված կստանան:
«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեր և Իսրայելի միջև մի քանի օրվա մարտերը չեն հանգեցնի առավել լայն պատերազմի: Մենք հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և կշռադատում ենք մեր որոշումները»,- հավելել է Նասրալլահը:
Այս շաբաթ իսրայելական բանակը հանկարծակի մեկնարկած եռօրյա զորավարժություններ է անցկացրել, որի ժամանակ զանգվածային գործողություններ է փորձարկել՝ «Հեզբոլլահ»-ի դեմ կարճատև պատերազմ նմանակելով, որի պարագայում նախատեսում է Լիբանանում մոտ 3000 թիրախ խոցել մեկ օրում:
Իսրայելական բանակի տվյալներով՝ տասնյակ կործանիչ-ռմբակոծիչներ, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչուներ են մասնակցել «Գալիլեայի վարդ» անվանումն ստացած զորավարժություններին: