«Նա մռայլ քաղաքական վարձկան է»․ Թրամփը քննադատել է Սենատում հանրապետականների առաջնորդին ու պատմել նրա «աղաչանքի» մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մակքոնելին, գրում է BBC-ն։
«Հանրապետական կուսակցությունը երբեք չի կարող հարգանք վայելել և ուժեղ լինել այնպիսի քաղաքական «առաջնորդների» հետ, ինչպիսին է սենատոր Միտչ Մակքոնելը»,- ասված է նախկին նախագահի գրավոր հայտարարության մեջ:
Թրամփը կարծում է, որ Մակքոնելը «չունի քաղաքական ինտուիցիա, իմաստություն, հմտություն և անձնական որակներ»: Հենց այդ պատճառով էլ, նրա կարծիքով, հանրապետականներն ընտրությունների արդյունքում դադարել են մեծամասնություն կազմել Սենատում։
Թրամփը նաև հավելել է, որ Մակքոնելն «աղաչում էր» 2020 թվականի Կենտուկիի ընտրություններում պաշտպանել իր թեկնածությունը: Նա ափսոսանք է հայտնել, որ համաձայնել և օգնել է սենատորի վերընտրմանը։
«Որքան արագ է նա մոռանում ամեն ինչի մասին։ Նա Սենատում ոչնչացնում է հանրապետականներին և դրանով իսկ լրջորեն վնաս է հասցնում մեր երկրին։ Միտչը մռայլ, խոժոռ, չժպտացող քաղաքական վարձկան է, և եթե հանրապետական սենատորները մնան նրա կողքին, այլևս երբեք չեն հաղթի»,-հայտարարել է Թրամփը:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի շենքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով հունվարի 13-ին 232 կողմ և 197 դեմ ձայներով Թրամփի նկատմամբ իմփիչմենթ էր հայտարարել:
Սակայն անցյալ շաբաթ, չհավաքելով նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ ձայները, Սենատն արդարացրել էր նրան։ Ընդ որում, հանրապետական 7 սենատորներ աջակցել են այդ գործընթացին, ադ թվում ՝ Մակքոնելը։