«Փաշինյանը, «իմ կետից եմ սկսում» ասելով, նկատի ուներ ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ ՀՀ ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին»․ Արման Եղոյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Աբսուրդ է իր ասածը և իրականության հետ որևէ աղերս չունի: Հակաղարաբաղյան շարժման իմաստը ո՞րն էր, որ ի՞նչ: Որ Ղարաբաղի համար վա՞տ լինի, իմաստը ես այդտեղ չեմ տեսնում: Եթե Արցախի համար վատ է, Հայաստանի համար էլ է վատ»,- «Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն այսպես պատասխանեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ «այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ոչ միայն հակաղարաբաղյան, այլ ղարաբաղցիների դեմ»:
․․․Հարցին՝ երկրորդ և երրորդ նախագահներն ակտիվացել են, դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ նրանք վերադառնան իշխանության՝ հաշվի առնելով ձեր իշխանության թույլ տված սխալները, բացթողումները՝ Արման Եղոյանը պատասխանվեց. «Չգիտեմ, մարդիկ ոնց կուզեն... իմ անձնական շփումներն ասում են նրա մասին, որ հիմա նման հնարավորություն չկա: Բայց ես չգիտեմ՝ հետո ինչ կլինի: Ես չեմ ուզենա իմ անձնական շփումների հիման վրա եզրակացություն անել, լուրջ հետազոտություն է պետք: Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ մեր ժողովուրդը կարողանում է թացը չորից տարբերել: Եթե այստեղ հարցն ուղղակի քավության նոխազ գտնելն է, պրոբլեմ չի, եկեք քավության նոխազ գտնենք, բայց դա մեր հարցերը չի լուծելու։ Պետք է պատճառները նայել ու խոր վերլուծել։ Իսկ այդ պատճառները այս 2,5 տարվա ընթացքում չի, որ առաջացել են, ո՛չ պատերազմի նախադրյալները, ո՛չ էլ պարտության նախադրյալները: Թե չէ այնպես ստացվեց, որ այս 2,5 տարում ամեն ինչ թա՞րս գնաց, այդպես չի կարող լինել»:
Երբ հարցրինք, բա ի՞նչն է «դուզ» գնացել, դուք էլի նախկիններին եք մեղադրում, բայց մենք գիտենք՝ ով է գերագույն հրամանատարը եղել պատերազմի ժամանակ, իր պատասխանատվությունը պիտի՞ կրի, թե չէ, Եղոյանը պատասխանեց, որ հարցը մեղքի չափի մեջ է. «Կարելի է մեղքը բաժանել մասերի»: Իսկ թե ում է հասնում մեղքի առյուծի բաժինը՝ Եղոյանը երկար մտածելուց հետո պատասխանեց. «Առյուծի բաժինն ընկնում է այն ուժերին, որոնք անկեղծ չեն ներկայացրել Արցախի հիմնախնդրի կարգավորման պրոցեսը մարդկանց: Եթե Սերժ Սարգսյանը երեկվա նույն հարցազրույցն ունենար Կազանից առաջ, Կազանից հետո, բացատրեր մարդկանց... Որ ասում են՝ ոչմիթիզականություն, դա մե՞նք ենք գեներացրել, կարո՞ղ է ես եմ գեներացրել»: Ինչ վերաբերում է պատերազմ թույլ տալուն՝ Եղոյանն այսպիսի հակափաստարկ բերեց. «Սիրիայի պատերազմի համար կարո՞ղ է Սիրիայի ղեկավարությունն է մեղավոր, Իրաքի պատերազմի համար էլ Իրաքի՞ ղեկավարությունը, Լիբիայինն էլ՝ Լիբիայի՞նը, հիմա կարո՞ղ է Կիպրոսի...:
Պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ գործիքներով, դա մի օրում չի սկսվում: Միշտ չի, որ պատերազմից խուսափել հնարավոր է, պատերազմը կարելի է հետաձգել: Այ եթե դուք հիմա հարցնեք՝ իսկ չէի՞ք կարող հետաձգել, դուք էլ հետաձգեիք: Կարող էինք՝ ինչ-որ գին էլի վճարելով դրա դիմաց՝ նշաձողն անընդհատ իջեցնելով այն ստանալիքի, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը»:
Հարցին՝ իսկ ինչու էիք իջեցնում նշաձողը, իր զրոյական կետից է սկսել Փաշինյանը բանակցությունը, թող բարձր նշաձողից սկսեր՝ Եղոյանը պատասխանեց. «Ոչ թե զրոյական կետից, այլ ասել է՝ իմ կետից եմ սկսում: Իմ կետ ասելով՝ ինքը նկատի ունի ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ Հայաստանի ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին: Այդ թուղթը չի փոխվում, չէ՞, մնում է նույնը»: Թե ինչո՞ւ այդ դեպքում չէր ասում, որ շարունակում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը՝ Եղոյանը պատասխանեց. «Որովհետև չէր շարունակում նրա քաղաքականությունը, ձգտում էր Արցախը ներգրավել՝ որպես բանակցային կողմ... Ասում էր՝ Արցախի փոխարեն չեմ բանակցի, Հայաստանի տեղը կբանակցեմ»: Իսկ թե ինչու վերջում բոլորի տեղը մենակով որոշեց ու ստորագրեց՝ Եղոյանը պատասխանեց, որ հարցի պատերազմական կարգավորման տարբերակը եղավ, ոչ թե քաղաքական»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: