Պետդեպարտամենտը հայտնել է, որ Բայդենը մտադիր է ավարտել ԱՄՆ-ի երկարատև ռազմական գործողությունները
ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը մտադիր է պատասխանատու կերպով վերջ դնել ԱՄՆ-ի երկարամյա արտասահմանյան ռազմական գործողություններին՝ աջակցելով Աֆղանստանում խաղաղ գործընթացին: Այսպիսի հայտարարությամբ է լրագրողների համար կայացած հերթական ճեպազրույցում հանդես եկել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես ավելի վաղ ասել էինք, նախագահ Բայդենը պարտավորվել է պատասխանատու կերպով վերջ տալ, այսպես կոչված, հավերժական պատերազմներին: Եւ մենք հենց այդպես նախատեսում ենք աջակցել [Աֆղանստանի] Իսլամական Հանրապետության եւ «Թալիբան» [արմատական շարժման] միջեւ շարունակվող խաղաղ գործընթացին»,- ասել է դիվանագետը:
Այս կապակցությամբ նա պարզաբանել է, որ ԱՄՆ կառավարությունը դեռ ոչ մի հայտարարություն չի արել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական հետագա ներկայության մակարդակի վերաբերյալ: Այդուհանդերձ, Վաշինգտոնը այս գնահատականի շուրջ սերտորեն կխորհրդակցի օտարերկրյա դաշնակիցների եւ գործընկերների հետ, հավաստիացրել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
«Իհարկե, այս շաբաթ տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպում: Եւ մենք, ինչպես նախկինում ասվել է, գտնվում ենք ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ պայմանավորվածությունների ուսումնասիրման գործընթացում, ուշադիր ուսումնասիրելով իրենց պարտավորությունները կատարելու կողմերի ունակությունն ու պատրաստակամությունը»,- ընդգծել է Փրայսը: «Իհարկե,- շարունակել է նա,- այս հարցի վերաբերյալ սերտ խորհրդատվությունները ՆԱՏՕ-ի գործընկերների եւ դաշնակիցների հետ հետագայում կլինեն այս գործընթացի առանցքային մասը»: «[ԱՄՆ պաշտպանության] Նախարար Օսթինն անհամբեր սպասում է դրան»,- ասել է Փրայսը: