Իրանը նավթային բեռի առգրավման ֆոնին ԱՄՆ-ին մեղադրել է «ծովահենության» համար
Իրանը հայտարարել է, որ, ԱՄՆ-ի կողմից այս ամիս Թեհրանից դուրս եկած նավթային բեռն արգրավելու քայլը «ծովահենություն» է, և հավելել, որ բեռն Իրանի կառավարությանը չի պատկանում, հայտնում է Reuters -ը:
Վաշինգտոնն այս ամսվա սկզբին բեռի առգրավման վերաբերյալ դատական հայց էր ներկայացրել` պնդելով, որ Իրանը փորձում է քողարկել նավթի ծագումը՝ այն տեղափոխելով մի քանի նավերով, նախքան բեռը հայտնվել է Լիբիայի դրոշը կրող և դեպի Չինաստան ուղևորվող «Աքիլես» նավում:
Վաշինգտոնը հայտարարել է, որ բեռը հակասում է ԱՄՆ-ի ահաբեկչության վերաբերյալ կարգավորումներին:
«Այս բեռը չի պատկանում Իրանի կառավարությանը: Այն պատկանում է մասնավոր հատվածին», - այս շաբաթվա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեհը, սակայն չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի մասնավոր հատված ասելով:
Վերջին անգամ «Աքիլես» նավն իր գտնվելու վայրի մասին տեղեկություններ էր հաղորդել կիրակի, երբ խարսխված էր Գալվեսթոնի ափային տարածքում, որը գտնվում է Պարսից ծոցում Միացյալ Նահանգներին պատկանող Գալվեստոն նավահանգստից դուրս։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, անցյալ շաբաթ ԱՄՆ-ի պետական պաշտոնյան նշել էր, որ Վաշինգտոնը վաճառել է ավելի քան մեկ միլիոն բարել իրանական վառելիք, որը բռնագրավվել է անցյալ տարի՝ իր պատժամիջոցների ծրագրի շրջանակներում:
«Ցավալի է, որ ԱՄՆ–ի նոր վարչակազմի պաշտոնավարման օրոք տեղի է ունենում այդպիսի «ծովահենություն»։ Պետք է որևէ կողմից, որևէ պատճառաբանությամբ նման գործողություններ կատարելու հնարավորությունը կասեցնելու համար լուծում գտնել», - շեշտել է մամուլի խոսնակ Ղաթիբզադեհը:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ–ի միջև լարվածությունը սրվել է 2018 թվականին, երբ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ–ն դուրս է բերել Իրանի միջուկային համաձայնագրից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր)։ Սրան հաջորդել է Իրանի կողմից համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչպես նաև ԱՄՆ–ի կողմից Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն Իրաքում։