Ջոնի Դեպը որոշել է Իլոն Մասկին ներգրավել նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ զրպարտության գործում․ Deadline
Դերասան Ջոնի Դեպը որոշել է SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկին ներգրավել նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ զրպարտության գործում, հաղորդում է Deadline-ը։
Դեպի փաստաբանները գործարարին ծանուցագիր են ուղարկել և 24 հարց հղել, որոնք վերաբերում են Հերդի հետ նրա հարաբերություններին, ինչպես նաև Դեպի և դերասանուհու ընտանիքում հնարավոր բռնությանը։
Ինչպես հայտնի է, միլիարդատերը դերասանուհու հետ հանդիպել է 2016 թվականին՝ աստղային շիկահերի` Դեպից բաժանվելուց անմիջապես հետո: Դեպը բազմիցս պնդել է, որ Մասկի և Հերդի սիրավեպը սկսվել է դեռևս իրենց ամուսնության ժամանակ։
Գործարարն առայժմ չի արձագանքել դատական գործում ներգրավվելուն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի սկզբին Դեպը տանուլ էր տվել բրիտանական The Sun պարբերականի դեմ զրպարտության գործը, որը քննում էր Լոնդոնի Բարձր դատարանը: Դատավարության ընթացքում դատավորը ապացուցված է համարել Հերդի նկատմամբ բռնության կիրառման 12 փաստ։
Դերասանը ձգտում է հասնել այդ որոշման բողոքարկմանը, իսկ մայիսին սպասում է նախկին կնոջ դեմ 50 մլն դոլարի հայցի քննությանը։
Դեպն ու Հերդը ամուսնացել են 2015 թվականին։ Մեկ տարի անց նրանց ամուսնությունը փլուզվել է և դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրել է ընտանեկան բռնության համար, իսկ անցյալ տարվա վերջին պատմել է նրա դավաճանության մասին: