Հովտաշատ գյուղի տներից մեկի արհեստանոցում հայտնաբերվել է նույն գյուղի 49-ամյա բնակչի դին. նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից. shamshyan.com
Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 49-ամյա Վահե Վարդանյանի դին։ Իսկ նշված վայրից, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մասիսի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Նորիկ Եսայանը, ապա տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ն․ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։