60 արբանյակ. SpaceX-ը տիեզերք է արձակել ինտերնետ կապ ապահովող Starlink-երի հերթական խմբաքանակը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Ֆալկոն 9» հրթիռակրով բաց տիեզերք է արձակվել ինտերնետ կապ ապահովող 60 Starlink արբանյակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրթիռն արձակվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում գտվող տիեզերական կայանից տեղական ժամանակով 22.59-ին:
Նշենք՝ Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որն ունակ է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել Երկիր մոլորակի բնակիչների համար:
Նախագիծը, որը մեկնարկել է 2018-ի փետրվարին, նպատակ ունի ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն աշխարհի ցանկացած կետում: Ընդհանուր առմամբ, ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է գործարկել շուրջ 12 հազար արբանյակ:
Ընկերությունն արդեն իսկ սկսել է ինտերնետի թեստավորումը շարքային օգտատերերի շրջանում: Ծառայության ամսական բաժանորդագրության վճարը 99 ԱՄՆ դոլար է, որն իրականում ավելի քիչ է, քան Միացյալ Նահանգների հիմնական ինտերնետ մատակարարների կողմից պահանջվող վարձավճարը:
SpaceX-ի խոսքով՝ իրենց կողմից տրամադրվող ինտերնետի արագությունը վայրկյանում տատանվում է 50-150 մեգաբիթի սահմաններում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Starlink արբանյակների նախորդ խմբաքանակը բաց տիեզերք էր արձակվել փետրվարի 4-ին: