Եթե այսօր ասուլիս անցկացվի «100 փաստ Նոր Հայաստանի մասին» թեմայով, դա հասարակության սթափ հատվածի կողմից կընկալվի որպես «սև հումոր». Այդքանով հանդերձ՝ շողոքորթների թիվը ոչ թե քչանում է, այլ ավելանում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Անցյալում նույնպես քծնանքը «բացասական երանգներ» ուներ, այսինքն՝ խոսվում էր ոչ թե «թագավորի» բարեմասնությունների, այլ նրա ընդդիմախոսների թերությունների մասին: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին դուր գալու համար պարտադիր էր ինչ-որ վատ բան ասել Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի, «ցրտի-մթի» և նման այլ բաների մասին:
Այնուամենայնիվ, քծնողները «տեղ ունեին» (գոնե իրենց այդպես էր թվում) փառաբանելու այն պահի իրականությունը և «իմաստուն առաջնորդներին»:
Այսօրվա իշխանությունն ընդհանրապես պարծենալու ոչ մի առիթ չունի: Եթե այսօր ասուլիս անցկացվի «100 փաստ Նոր Հայաստանի մասին» թեմայով, ապա դա հասարակության սթափ հատվածի կողմից կընկալվի որպես «սև հումոր»: Այդքանով հանդերձ՝ շողոքորթների թիվը ոչ թե քչանում է, այլ ավելանում: Եվ բնական է, որ ներկա իշխանությունների քծնելու միակ ձևն է մնացել նախորդ իշխանությունների մեղքերի մասին խոսելը: (Մեղքերը մեծ մասամբ իրական են, բայց դրանք, իմ կարծիքով, ներկայիս ողբալի վիճակի արդարացումը չեն):
«Դհոլների նոր համույթի» հիմնական երկացանկը հետևյալն է. «Այսօրվանները վատն են, բայց նրանք, ովքեր հավակնում են իշխանական աթոռներին, ավելի վատն են»: Դա գուցեև ճիշտ է, բայց առանձնապես սփոփիչ չէ, որովհետև խորացնում է հասարակական ապատիան և նույն լճացումը: Հասարակական միտքն ընկղմվում է «վատերի» ու «ավելի վատերի» համեմատության ճահճի մեջ, ու այլևս չի փորձում ելքեր փնտրել: Մինչդեռ ելքերի այդ փնտրտուքը պետք է տեղի ունենա ոչ թե «ավելի լավ մարդկանց», այլ ավելի լավ գաղափարների մեջ: «Մենք չենք գտնի խնդիրների լուծումը, եթե մտածենք այնպես, ինչպես այն մարդիկ, որոնք այդ խնդիրները ստեղծել են», – ասում էր Ալբերտ Էյնշտեյնը: Բայց թե՛ գիտության, թե՛ քաղաքականության մեջ մտածողության նոր մակարդակի վրա բարձրանալը որոշակի խիզախություն է պահանջում: Իսկ քծնողների և «քլնգողների» հակադրությունը նոր մակարդակ չի ապահովում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: