Թրամփը մտադիր է վերսկսել լրատվամիջոցների հետ շփումները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է վերականգնել իր մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին, ինչպես նաև վերսկսել շփումը լրագրողների հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ Թրամփի ընկերներն ու դաշնակիցներն ակնկալում են, որ վերջինս կվերականգնի ԶԼՄ-ների հետ ընկերական հարցազրույցները տևական լռությունից հետո:
Նշվում է, որ չնայած նախկին նախագահը «կենտրոնացած է այն հանրապետականներից վրեժ լուծելու ուղղությամբ, որոնք աջակցել են իր իմպիչմենթին կամ ընդդիմացել են նոյեմբերյան ընտրությունների արդյունքները չեղարկելու հարցում իր ջանքերին», այնուամենայնիվ նա մտադիր է օգնել Հանրապետական կուսակցությանը 2022-ի միջանկյալ ընտրությունների ժամանակ Ներկայացուցիչների պալատը և Սենատը հսկողության տակ առնելու համար: