ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների հետաքննության համար անկախ հանձնաժողով կստեղծի
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին նախորդած և հաջորդած իրադարձությունների և դրա պատճառների հետաքննության համար անկախ հանձնաժողով կստեղծի, երեքշաբթի հայտարարել է վերին պալատի խոսնակ Նենսի Փելոսին, գրում է BBC-ն։
«Մեր անվտանգության ապահովման համար հաջորդ քայլը կլինի արտաքին անկախ հանձնաժողովի ստեղծումը, ինչպիսին է 9/11-ի գործով հանձնաժողովը, որպեսզի հետաքննեն և հաղորդեն այն փաստերի և պատճառների մասին, որոնք վերաբերում են 2021 թվականի հունվարի 6-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքի վրա կատարված ներքին ահաբեկչական հարձակմանը», - ասված է նրա կայքում զետեղված հայտարարության մեջ:
Մասնավորապես, հետաքննության ընթացքում կքննարկվեն այն հանգամանքները, որոնք կապված են Կապիտոլիումի ոստիկանության և տեղական ու դաշնային մակարդակներում իրավապահ մարմինների աշխատակիցների պատրաստվածության և արձագանքման հետ, ասված է փաստաթղթում։
Փելոսին նաև հայտարարել Է Կոնգրեսի անդամների և Կապիտոլիումի անվտանգության ապահովման համար լրացուցիչ ֆինանսավորման հատկացման անհրաժեշտության մասին:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել: