Թուրքերը երբեք չեն ապրի «հույների լծի տակ». թուրք կիպրոսցիների առաջնորդ
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը երկուշաբթի հայտարարել է, որ կիպրոսցի թուրքերը երբեք չեն հրաժարավի իրենց ինքնիշխանությունից, քանի որ չեն պատրաստվում ապրել «հունական լծի» տակ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Kibris թերթը:
Նշվում է, որ Թաթարի հռետորաբանության խստացումն ընդդեմ հուն-կիպրական կողմի տեղի է ունենում Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ, որը նախաձեռնվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից:
«Թուրքիայի կարգավիճակի պահպանումը որպես երաշխավոր երկիր, Կիպրոսում թուրքական զորքերի առկայությունը, մեր ինքնիշխանությունն ու քաղաքական հավասարությունը մեր կարմիր գծերն են, որոնք երբեք չենք կիսելու, որովհետև դրանցից հրաժարվելը նշանակում է լինել Հունաստանի լծի տակ», - ասել է Թաթարը:
Չճանաչված պետության ղեկավարը հասկացրել է, որ իր հայտարարության պատճառը ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Անդրեաս Մավրոյաննիսի ելույթն է, երբ վերջինս ասել էր, որ հուն-կիպրական կողմը չի կարող ընդունել ինքնիշխան հավասարության սկզբունքը, քանի որ դա վերջ կդնի Կիպրոսի Հանրապետության գոյությանը: