Հերթական «մեղավորներ» կնշանակեն. ինֆորմացիոն հարվածի առաջին ալիքը ավելի ուժգին է լինելու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բազմաթիվ մտավորականներ, կրթական հաստատություններ, եկեղեցականներ եւ, ընդհանրապես, հանրության ինտելեկտուալ հատվածը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինս հայտարարում է, որ նշվածները ժողովուրդ չեն: Սակայն, ինչպես երեւում է, դրանով իշխանությունները չեն սահմանափակվելու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ու հատկապես «մերձիշխանական» որոշակի շրջանակներ, որոնք այս շրջանում հետեւողականորեն զբաղված են Նիկոլ Փաշինյանի «երեսը լվանալով», հանձնարարություն են ստացել «ուժգին հակահարված» տալ հրաժարական պահանջողներին եւ նրանց հերթական «մեղավորներ» նշանակել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, «գույքագրելու» են մտավորականների, դասախոսների, եկեղեցականների, բնականաբար, նաեւ քաղաքական գործիչների հայտարարությունները պատերազմի ժամանակ, թե արդյոք նրանք պահանջել են պատերազմի դադարեցում, արդյոք խոսել են այդ մասին:
Մեր տեղեկություններով, եղել են հակառակվողներ, ովքեր նշել են, թե այդ ժամանակ ռազմական դրություն է եղել, մարդիկ պաշտոնական տեղեկությունից զատ այլ բան չէին կարող ասել, մյուս կողմից էլ՝ նշյալ շրջանակները չէին կարող ճիշտ տեղեկություն ունենալ, որ նման պահանջ դնեին:
Սակայն իշխանական «վերնախավն» անդրդվելի է եղել. ասել են, որ ինֆորմացիոն հարվածի առաջին ալիքը ավելի ուժգին ազդեցություն է ունենում, քան պարզաբանումները, ու մինչեւ հասցնեն «արդարանան», հանրության զգալի շերտի մոտ որոշակի վերաբերմունք կձեւավորվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: