Իրաքում եւ Իրանում հատուկ դատարան է ստեղծվել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետաքննման համար
Իրաքում եւ Իրանում հատուկ դատարան է ստեղծվել, որը պետք է հետաքննի իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ Իրաքի Զորահավաքի ժողովրդական ուժերի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի Ալ-Մուհանդիսի սպանությունը: Այս մասին հայտարարել է Իրաքում Իրանի դեսպան Իրաժ Մասջեդին, փոխանցում է MEM-ը:
Սոլեյմանին եւ Ալ-Մուհանդիսը սպանվել են անցյալ տարվա հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածից:
«Չի կարելի ակնկալել, որ միջազգային դատարաններն արդյունավետ գործողություններ կձեռնարկեն Սոլեյմանիի եւ Ալ-Մուհանդիսի սպանության գործով»,- պարզաբանել է Մասջեդին: «Այս գործի մեջ ներգրավված հիմնական անձինք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու ամերիկացի առաջնորդներն են»:
Ըստ նրա` գործը միջազգային դատարաններ տեղափոխելն անօգուտ կլինի, քանի որ դրանք ենթակա են «ԱՄՆ ազդեցությանը»: Նա նշեց, որ այս հարցը քննարկվել է Իրանի գլխավոր դատավորի` Իրաք կատարած այցի ընթացքում: