Իրանի հետախուզությունը պարզել է երկրի միջուկային ծրագրի «հոր» աղմկահարույց սպանության հիմնական կազմակերպչի ինքնությունը. նա հետախուզվում է
Իրանի հետախուզության հարցերով նախարար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ իրանցի միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կազմակերպման գործում հիմնական կապող օղակ հանդիսացող անձի ինքնությունը պարզվել է, և վերջինսիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
«Սպանության հիմնական մեղավորը, որը հեռացվել էր Զինված ուժերից և լքել է երկիրը հանցագործության իրականացումից առաջ, ներկա պահին հետախուզվում է»,- «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ «իսրայելական ռեժիմը ծրագրել էր մի շարք այլ հարձակումներ իրականացնել երկրում Ֆախրիզադեի սպանությունից հետո, սակայն դրանք բոլորը հայտնաբերվել և կասեցվել են իրանական հետախուզության կողմից»:
Նախարարը հավելել է, որ սպանության գործին առնչություն ունեցող այլ անձինք ևս բացահայտվել են:
Հիշեցնենք, որ Մոհսեն Ֆախրիզադեն, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից միջուկային հետազոտությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին Թեհրանում: Նա համարվում էր Իրանի միջուկային ծրագրի «հայրը»: