«Մարին լե Պենը հաջորդ տարի կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, պետք է դիմակայել»․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար
Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը հաջորդ տարի կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, խոստովանել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Daily Mail-ը։
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը նախազգուշացրել է, որ հաջորդ տարվա ընտրություններում ուլտրաաջ առաջնորդի հաղթանակը «քաղաքական հնարավորություն» է, որին պետք է «դիմակայել»:
Ֆրանսիական BFM TV հեռուստաալիքի եթերում նա ասել է․ «Ընտրություններում Մարին լե Պենի հաղթանակը, ինչպես մենք բոլորս գիտենք, քաղաքական հնարավորություն է։ Դրա դեմ պետք է պայքարել։ Ես հույս ունեմ՝ Մարին լե Պենի դեմ այս պայքարում մեր գաղափարները կհաղթեն»։
Ֆրանսիայի ֆինանսների նախարարի խոսքով՝ «2022-ին պատրաստ է ամեն կերպ աջակցել գործող նախագահին, որպեսզի վերջինս վերընտրվի»։
Նշվում է, որ Բրունո Լե Մերը նման հայտարարությամբ է հանդես եկել վերջերս անցկացված հարցումների ֆոնին, որոնց համաձայն՝ Մարին լե Պենին աջակցել է հարցվածերի 26 տոկոսը, իսկ Մակրոնին՝ 24 տոկոսը։