Բայդենն առաջին անգամ կմասնակցի G7-ի առաջնորդների հանդիպմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմասնակցի «Մեծ յոթնյակ»-ի (G7) պետությունների ղեկավարների առցանց հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 19-ին` տեսակոնֆերանսի ձևաչափով:
Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությունում, գրում է Reuters-ը:
Նշվում է՝ Բայդենը մտադիր է քննարկել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, ինչպես նաև Չինաստանի կողմից տնտեսական մարտահրավերներին դիմագրավելուն առնչվող հարցեր:
«Շուկայական տնտեսություն ունեցող առաջատար ժողովրդավարությունների առաջնորդների հետ այս առցանց հանդիպումը հնարավորություն կտա նախագահ Բայդենին քննարկել համավարակի դեմ պայքարի և համաշխարհային տնտեսությունը վերականգնելու ծրագրերը», - ասվում է հայտարարության տեքստում:
Բացի այդ, հստակեցվում է՝ ԱՄՆ ղեկավարը, մասնավորապես, կկենտրոնանա «հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրության, բաշխման և մատակարարման համակարգման, ինչպես նաև նոր վարակիչ հիվանդությունների սպառնալիքին հակազդելու համար մոբիլիզացման և համագործակցության շարունակական ջանքերի վրա»:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այս ասպարեզում Բայդենը կկարևորի «կոլեկտիվ մրցունակությունն ամրապնդելու համար ներդրումներ կատարելու» անհրաժեշտությունը և կքննարկի «համաշխարհային նորմերի արդիականացման կարևորությունը`տնտեսական մարտահրավերներին, այդ թվում Չինաստանի կողմից ներկայացվածներին, դիմակայելու համար»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակը հայտարարել էր, որ հանդիպման հիմնական թեմաները կլինեն համավարակի դեմ պայքարը և աշխարհում պատվաստանյութերի արդարացի բաշխումը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Եվրամիության ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի՝ «Մեծ յոթնյակ»-ի նախագահության շրջանակներում և առաջինը կլինի 2020-ի ապրիլից ի վեր: