Իրանի բանակը միջին հեռահարության նոր «խելացի» հրթիռ է փորձարկել
Իրանի բանակի ցամաքային ուժերը կիրակի փորձարկել են նոր «խելացի» հրթիռ, որի հեռահարությունը կազմում է 300 կմ: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բանակի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին:
Վերջինս նշել է, որ հրթիռային համալիրները միջին հեռահարության նոր հրթիռ են փորձարկել՝ գնահատելու դրա հզորությունն ու ճշգրտությունը:
«300 կմ հեռավորությամբ «խելացի» հրթիռը կարող է թիրախները խոցել գերազանց ճշգրտությամբ: Արձակվելով ավտոմատացված համակարգով՝ հրթիռը կարող է գործարկվել ցանկացած եղանակային պայմաններում»,- ասել է իրանցի հրամանատարը:
Իրանցի պաշտոնյաները պարբերաբար շեշտում են, որ Իրանը շարունակում է հզորացնել իր ռազմական հնարավորությունները, այդ թվում՝ հրթիռային զինանոցը, ինչն արվում է երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով: