«Ցանկանում էր սպանել Ասադին». Թրամփի նախկին խորհրդականն ուշագրավ բացահայտում է արել
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականը BBC-ի «Թրամփը գրավում է աշխարհը» նոր վավերագրական ֆիլմի ժամանակ հայտնել է, որ վերջինս ցանկացել է սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, փոխանցում է Independent-ը։
Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ Կ․ Տ Մաքֆարլանդը հայտարարել է, որ 2017-ին իր պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց նախկին նախագահը, տեսնելով խաղաղ բնակիչների դեմ զարինի թունավոր նյութի կիրառմամբ հարձակման լուսանկարները, հայտնել է Ասադին «հեռացնելու» մտադրության մասին։
«Ասացի՝ պարոն նախագահ, չեք կարող նման բան անել, նա էլ ի պատասխան ասաց՝ ինչո՞ւ։ Ես հայտնեցի, որ դա պատերազմական գործողություն է համարվում»,- հայտնել է նա։
Նրա խոսքով՝ «այդ պահին վստահ էր, որ Թրամփը ցանկանում է լրջորեն պատժել Ասադին»։
BBC-ի ֆիլմը բացահայտում է Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական որոշումների վերաբերյալ այլ մանրամասներ:
Ըստ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակից Ֆիոնա Հիլի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թրամփին համոզել է Սիրիայից դուրս բերել զորքերը վերջինիս անձնական համարին հեռախոսազանգի ժամանակ, ինչը թույլ է տվել Թուրքիային, Ռուսաստանին և ԻՊ-ին ավելի շատ ազդեցություն ունենալ տարածաշրջանում: