«Եվս մեկ անգամ հայտարարում ենք. Ամեն ինչից անկախ` չենք հրաժարվի Դոնբասից». Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ անկախ ամեն ինչից`Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Դոնբասից և նրա բնակիչներից: Երկրի ղեկավարն այս մասին ասել է մի շարք լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ զրույցում, գրում է «Ռեգնում»-ը:
Պուտինի խոսքով՝ իր աչքի առաջ կանգնած են մարդիկ ու հատկապես երեխաներ, որոնք վնասվածքներ են ստացել ու հաշմանդամ դարձել Դոնբասում պատերազմի ընթացքում:
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարի կարծիքով` Դոնբասի վերաբերյալ ցանկացած վերջնական որոշում կայացնելուց առաջ Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում՝ լրատվամիջոցները, պետք է մանրակրկիտ կշռադատեն բոլոր հետևանքները:
«Հասկանում եք, իհարկե, իմ աչքի առաջ կան մարդիկ և հատկապես երեխաներ, որոնք վիրավորվել և հաշմանդամ են դարձել Դոնբասում: Բայց մեր և ձեր վրա, ես խոսում եմ ձեզ հետ, որովհետև դուք չորրորդ իշխանությունն եք, մեր ուսերին հսկայական պատասխանատվություն է դրված՝ Ռուսաստանի նկատմամբ որպես ամբողջություն: Եվ նախքան որևէ որոշում կայացնելը, մենք պետք է մտածենք մեր ցանկացած քայլերի հետևանքների մասին: Մենք չենք հրաժարվի Դոնբասից՝ անկախ ամեն ինչից», - ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների իշխանությունները հայտարարել էին, որ իրենց երկրները որոշել են միանալ Ռուսաստանին: 2021-ի հունվարին Դոնեցկում տեղի էր ունեցել ռուսական «Դոնբաս» ֆորումը, որին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, ռուսական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ, ինչպես նաև Ռուսաստանից ժամանած հասարակական գործիչներ: