Ուեսլի Սոն եզրափակիչում հաղթեց Մագնուս Կարլսենին
Ամերիկացի Ուեսլի Սոն նվաճեց Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Opera Euro Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը։
Եզրափակիչում նա մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ հաղթանակ տարավ երկրորդ օրը ձեռք բերած առավելության շնորհիվ։
Առաջին օրվա չորս պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 2։2 (երկուական հաղթանակ, երկուական ոչ ոքի)։ Երկրորդ օրը Ուեսլի Սոն առավելության հասավ 2,5։1,5 հաշվով (1 հաղթանակ, 3 ոչ ոքի)։
Կիսաեզրափակիչում Մագնուս Կարլսենը պայքարից դուրս էր թողել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որը քառորդ եզրափակիչում հաղթահարել էր հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի արգելքը։
Ուեսլի Սոն կիսաեզրափակիչում պարտության էր մատնել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, որը գրավեց երրորդ տեղը՝ հաղթելով Վաշյե-Լագրավին։