Մեր ազդեցությունը հետխորհրդային տարածությունում աճում է, և դա կասեցնելու համար Արևմուտքը հավակնություններ ունեցող, իշխանության ձգտող մարդկանց է օգտագործելու. Պուտին
Որքան Ռուսաստանը հզորանում է, այնքան ուժգնանում է նրան զսպելու քաղաքականությունը, ռուսական ԶԼՄ գլխավոր խմբագիրների հետ կայացած փակ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը:
«Հենց սկսեցինք կայունանալ, ոտքի կանգնել, վերջ՝ միանգամից զսպման քաղաքականությունը սկսվեց: Հենց այդ պահից սկսած կամաց-կամաց, փոքր քայլերով, բայց ավելի ու ավելի ընդլայնվեց դա, և որքան մենք ավելի ուժեղացանք, այդքան ուժգնանում է մեզ զսպելու քաղաքականությունը»,- հայտարարել է Պուտինը:
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը դրսևորվում է նաև տնտեսության ոլորտում:
Պուտինն ասել է նաև, որ Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածությունում աճում է, և Արևմուտքը դա կասեցնելու նպատակով ամբիցիոզ մարդկանց է օգտագործելու:
Ռուսաստանի նախագահը վստահ է, որ Ռուսաստանի ձեռքբերումները նյարդայնացնում են պոտենցիալ հակառակորդներին: