Դատական գործի նոր մանրամասներ․ Բրիթնի Սփիրսի հայրը նրա միակ խնամակալը չի լինի
Փետրվարի 11-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Բրիթնի Սփիրսի խնամակալության գործով հերթական դատական նիստը: Հանրային լսումների արդյունքում դատավոր Բրենդի Փեննին մերժել է երգչուհու հորը՝ Ջեյմի Սփիրսին, նրա ֆինանսների միանձնյա վերահսկողության հարցում: Բանն այն է, որ 2020 թվականի նոյեմբերին դատարանը Bessemer Trust ֆինանսական ընկերությանը նշանակել էր որպես երկրորդ հոգաբարձու։ 39-ամյա արտիստուհու հայրը դժգոհ է մնացել իրադարձությունների նման զարգացումից եւ հակընդդեմ հայց է ներկայացրել։ Սակայն դատարանը մերժել է նրա հայցը։ Դրանով իսկ, եւ նա, եւ ընկերությունը մնացել են համախնամակալներ՝ ստանալով հավասար ազդեցության հնարավորություն։
Դատական նիստն անցել է երգչուհու կյանքի եւ կարիերայի մասին վավերագրական ֆիլմի թողարկման եւ Բրիթնիի սիրեցյալ Սեմ Ասգարիի հայտարարության ֆոնին: Մի քանի օր առաջ նա հրապարակավ դատապարտեց Ջեյմիին։ Նա Instagram-ում գրառում է հրապարակել, որում հայտնել է, որ Ջեյմի Սփիրսին համարում է «հիմար» եւ «չի հարգում նրան, ով փորձում է վերահսկել նրանց հարաբերությունները»: Ինքը՝ Բրիթնին, նույնպես հաղորդագրություն է հրապարակել այն բանից մի քանի ժամ անց, երբ դա արել է Սեմը։ «Հիշեք, ինչ էլ մտածենք մարդու մասին, դա ոչինչ է, համեմատած՝ ով է նա իրական կյանքում»: Բացի այդ, կես տարի առաջ Բրիթնիի կյանքի վրա հոր չափազանց մեծ ազդեցության մասին անհանգստություն է հայտնել նրա քույրը՝ Լին Սփիրսը։
The Guardian-ի տեղեկություններով՝ հաջորդ լսումներն այն գործով, թե ով իրավունք ունի տնօրինելու 2000-ականների աստղի պատկառելի ունեցվածքը, նշանակված են մարտի 17-ին եւ ապրիլի 27-ին: