ՌԴ-ն և Չինաստանը պատվաստանյութերն օգտագործում են որպես դիվանագիտական գործիք. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանն նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ոլորտում իրենց գրանցած հաջողություններն օգտագործում են դիվանագիտական ասպարեզում նպատակներն իրականացնելու համար: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Մենք տեսնում ենք, որ Չինաստանը և Ռուսաստանը փորձում են պատվաստանյութերի գործոնն օգտագործել դիվանագիտական ծրագրերի համար: Այս հարցի շուրջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը բազմաթիվ առաջնորդների հետ քննարկներում է իրականացնում: Նախագահը մտադիր է ԱՄՆ-ին վերադարձնել աշխարհի կենտրոն», - ասել է Փսակին և նշել, որ իրենք մտահոգությամբ են հետևում Մոսկվայի և Պեկինի փորձերին: Նա խոստացել է այս թեմայի շուրջ խորհրդակցել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հետ:
«Կարծում եմ, որ Ռուսաստանի և Չինաստանի նման երկրներն իրենց տրամադրած օգնությունն օգտագործում են, որպեսզի այլ պետություններն իրենց նման պահվածք դրսևորեն: Դա անընդունելի վարք է` լինի մարդու իրավունքների, թե լրատվամիջոցների ազատության ոլորտում», - ասել է մամուլի խոսնակը և հավելել, որ իրենք դրան չեն համակերպվի:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են խթանել կորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության ոլորտում երկու երկրների գիտնականների և լաբորատորիաների միջև շփումները:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը նախկինում նշել էր, որ աշխարհում միայն երեք հակակորոնավիրուսային դեղամիջոց, ներառյալ «Սպուտնիկ V»- ն, ունեն ավելի քան 90 տոկոս արդյունավետություն: Վերոնշյալ երեք պատվաստանյութերից ամենարդյունավետը համարվում է «Սպուտնիկ V»- ը, որի տեղափոխման համար նախատեսված պայմանները, նույնպես լավագույն են: