«ԱՄՆ-ն կարող է և պետք է առանցքային դեր խաղա Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացում»․ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար
«Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ ԱՄՆ-ն կարող է և պետք է առանցքային դեր խաղա Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացում, հայտնում է«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Նա դա բացատրել է ԱՄՆ-ի՝ Կիևի ռազմավարական գործընկեր լինելու փաստով: Հարցազրույցի ընթացքում Երմակը նշել է, որ Մինսկի համաձայնագրերը գործնականում անհնար է իրականացնել այն տարբերակով, որով դրանք ստորագրվել են:
Բանակցություններին ԱՄՆ-ի և Լեհաստանի միանալու Կիևի ցանկության մասին նախկինում հայտնել էր Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բազմիցս կոչ է արել Կիևին՝ դադարեցնել սաբոտաժը և չխուսափել Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղիղ երկխոսությունից:
Մինսկի համաձայնագրերը ստորագրվել են 2015 թվականի փետրվարի 12-ին: Դրանք ենթադրում են Դոնբասի տարածքից զորքերի դուրսբերում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացում և Ուկրաինայի կազմում տարածաշրջանի համար հատուկ կարգավիճակի տրամադրում: