Ինչպես կորոնավիրուսը տարածվեց Հայաստանում, և որ տարբերակներով են քաղաքացիները բուժվել. 251 հարց՝ կառավարությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Փետրվարի 16-ին իր երկրորդ նիստը կգումարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ նոր կորոնավիրուսի (Covid 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան սպասվող նիստի օրակարգից:
Նախ՝ այդ օրը հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ներկայացնելու է հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումները: Բանն այն է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն կառավարություն է ուղարկել 251 հարցից բաղկացած հարցաշար, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ դիահերձման, թե՛ թեստավորման, թե՛ ինքնամեկուսացման հետ կապված հարցերին:
Բացի կառավարությունից հարցումներ են ուղարկվել նաև Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, Կենտրոնական բանկ, Գլխավոր դատախազություն և ՄԻՊ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը նպատակ ունի լայն թափով աշխատել և նիստերին հրավիրել նաև պաշտոնյաների, և երկրորդ նիստի ժամանակ կքննարկվի նաև իրավասու պաշտոնատար և այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքներն ու մոտեցումները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 251 հարցերով քննիչ հանձնաժողովի անդամները ցանկություն ունեն պարզելու վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:
Օրինակ՝ հարց ուղղելով՝ հանձնաժողովը հետաքրքրվել է՝ ինչպես է ստացվել, որ Իտալիայից ժամանած քաղաքացիների մոտ կոնոնավիրուսի առկայությունը սահմանային կետում չի բացահայտվել, և հետագայում այդ մարդիկ դարձան համավարակի տարածման մեծ շղթայի աղբյուր (վարակվեց շուրջ 57 քաղաքացի), կոնկրետ երբ էին ժամանել Իտալիայից այդ քաղաքացիները։
Նրանք նաև հետաքրքրվել են, թե ՀՀ-ում քանի անձ է բուժվել հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակում, քանիսը ՝ վճարովի հիմունքներով, և քանիսն է բուժվել տանը՝ սեփական միջոցների հաշվին, կամ քանի դեպք է արձանագրվել, երբ անհետաձգելի առաջին բժշկական օգնություն չստանալը հանգեցրել է պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կամ մահվան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: