Իրավապահ մարմինները հակասում են իրար. պատերազմին առնչվող քրգործերի վերաբերյալ տվյալները գաղտնի են պահվում
Արցախում պատերազմական գործողությունների ավարտից երեք ամիս անց ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են տեղեկություններ տրամադրել պատերազմի ընթացքում արձանագրված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված կոնկրետ հանցագործությունների փաստով հարուցած քրեական գործերի վերաբերյալ։
Վերջին երեք ամսում NEWS.am–ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ ոստիկանությանը՝ պարզելու, թե քանի՞ քրեական գործ է հարուցվել պատերազմի ընթացքում պետական դավաճանության, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու դեպքերի հատկանիշներով: Փորձել էինք պարզել, թե նշված արարքների ենթադրյալ կատարման համար քանի՞ անձ է ներգրավվել, որպես կասկածյալ կամ մեղադրյալ և այլն։
Դատախազությունից նախ նշել էին, որ իրենք նման վիճակագրություն չեն վարում, ապա տեղեկացրել, որ նշված հանցագործությունների դեպքերով վիճակագրական տվյալները ներկա փուլում տրամադրման ենթակա չեն՝ պայմանավորված հանրապետությունում հաստատված ռազմական դրությամբ և պետական և ծառայողական գաղտնիքով։ Այնուհանդերձ, դատախազությունը, «հաղթահարելով» Հանրապետությունում գործող ռազմական դրության իրավական ռեժիմը և բացահայտելով պետական և ծառայողական «գաղտնիք» համարվող տեղեկությունները, 2020թ. դեկտեմբերի 21–ին հաղորդագրություն էր տարածել «Արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած»՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: