Ռուսաստանում մեկնաբանել են թուրքական ազդեցության տարածման քարտեզը, որում թուրքերը ընդգրկել էին նաև Հայաստանը
Ռուս քաղաքական գործիչները մեկնաբանել են թուրքական հեռուստաընկերության ցուցադրած քարտեզը, որը կանխատեսում է Անկարայի ազդեցության գոտու ընդլայնումը դեպի Ռուսաստանի հարավ, Անդրկովկաս, Հունաստան և Պարսից ծոցի երկրներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը մտածում է Օսմանյան կայսրությունը վերստեղծելու մասին, միևնույն ժամանակ նա կասկածել է, որ Անկարան կցանկանա ուժով վերցնել ռուսական տարածքները:
«Ինչ վերաբերում է Ղրիմին և Սևաստոպոլին, այս հարցին վերջ է դրվել, նախագահը խոսել է այս մասին: Դրանք Ռուսաստանի Դաշնության երկու սուբյեկտներ են: Ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասի մյուս շրջաններին, ապա պետք չէ աչք ունենալ ուրիշի բաժնին»,-ասել է պատգամավորը:
Կրասովը նաև կոչ է արել թուրք պաշտոնյաներին ավելի լավ ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը:
«Եթե նրանք ուզում են ստուգել ռուսական ոգու և մեր զենքի ուժը, թող փորձեն»,-եզրափակել է խորհրդարանականը:
Իր հերթին, Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել իր հավակնությունները Ղրիմի նկատմամբ, իսկ երկրի քաղաքական շրջանակները լրջորեն քննարկում են թերակղզու բռնակցման հարցը:
«Հասկանալի է, որ թուրքական կողմը ցանկանում է վերադարձնել իր ազդեցության գոտին, որն ունեցել է 3 դար առաջ, գուցե նույնիսկ գրավել որոշ տարածքներ, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կարելի է լրջորեն քննարկել», -ասել է պատգամավորը:
Շպերովը հորդորել է պատրաստ լինել ամեն ինչի ու հավելել է, որ Անկարան միշտ ուշադրություն է դարձնում ռուս քաղաքական գործիչների հայտարարություններին: Նա կարծիք է հայտնել, որ ԱԳՆ-ն պետք է արձագանքի թուրքական պետական հեռուստաալիքի ցուցադրած քարտեզին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքական TRT1 հեռուստաալիքը եթերում հեռարձակել է Անկարայի ազդեցության ոլորտների ընդլայնման կանխատեսումը, որը նախապես պատրաստել է ամերիկյան Stratfor ընկերությունը: Ըստ քարտեզի` մինչև 2050 թվականը Թուրքիան էապես ընդլայնելու է իր ազդեցության գոտիները միանգամից մի քանի ուղղություններով: Այսպիսով, վերլուծաբանների կանխատեսմամբ, Անկարան կկարողանա ամրապնդել իր դիրքերը Ռուսաստանի հարավային մի քանի շրջաններում, մասնավորապես՝ Ղրիմում, Կուբանում, Կալմիկիայում, Աստրախանի շրջանում և Հյուսիսային Կովկասի հանրապետություններում:
Ենթադրվում է, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի մի շարք տարածքներ, ինչպես նաև Հունաստանի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները ընկնելու են թուրքական ազդեցության տակ: Բացի այդ, ըստ փորձագետների, կարելի է ակնկալել Թուրքիայի դիրքերի ուժեղացում Պարսից ծոցի երկրներում, Եգիպտոսում և Լիբիայում: