Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս, Ղրիմ. թուրքական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է մինչև 2050 թվականը Թուրքիայի ազդեցության տարածման քարտեզը
Թուրքական TRT1 հեռուստաալիքը եթերում հեռարձակել է Անկարայի ազդեցության ոլորտների ընդլայնման կանխատեսումը, որը նախապես պատրաստել է ամերիկյան Stratfor ընկերությունը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը` հղում տալով «Военный обозреватель» տելեգրամյան ալիքին:
Ըստ քարտեզի` մինչև 2050 թվականը Թուրքիան էապես ընդլայնելու է իր ազդեցության գոտիները միանգամից մի քանի ուղղություններով: Այսպիսով, վերլուծաբանների կանխատեսմամբ, Անկարան կկարողանա ամրապնդել իր դիրքերը Ռուսաստանի հարավային մի քանի շրջաններում, մասնավորապես՝ Ղրիմում, Կուբանում, Կալմիկիայում, Աստրախանի շրջանում և Հյուսիսային Կովկասի հանրապետություններում:
Ենթադրվում է, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի մի շարք տարածքներ, ինչպես նաև Հունաստանի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները ընկնելու են թուրքական ազդեցության տակ: Բացի այդ, ըստ փորձագետների, կարելի է ակնկալել Թուրքիայի դիրքերի ուժեղացում Պարսից ծոցի երկրներում, Եգիպտոսում և Լիբիայում:
2020 թվականի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր նոր աշխարհակարգում հանրապետության առաջատար դերի մասին: Նրա խոսքերով՝ երկիրն ունի անհրաժեշտ կարողություններ՝ իր ուժն ու ազդեցությունն ընդլայնելու համար նոր քաղաքական ու տնտեսական աշխարհակարգում:
Անցյալ տարվա հունիսին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մշակում է Հունաստան և Հայաստան ներխուժման ծրագիր: Հունաստան ներխուժման ծրագիրը ստացել է «Չաքա բեյ» ծածկանունը՝ ի պատիվ սելջուկյան էմիր Չաքա բեյի, որի նավատորմը 11-րդ դարում նվաճել էր Էգեյան ծովի Լեսվոս, Կիոս, Սամոս և Հռոդոս կղզիները: Հայաստանում գործողության պլանը ստացել է «Ալթայ» անվանումը`գեներալ Ֆահրեթթին Ալթայի անունով, որը թուրքական անկախության պատերազմի ժամանակ ղեկավարում էր կորպուսներից մեկը: