Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, դիմակներ կկրեն նաև հաջորդ տարի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ այցելել է Առողջության ազգային ինստիտուտների համալիր եւ խոսել ԱՄՆ պատվաստանյութերի մատակարարման եւ դրանց տարածման նպատակների մասին՝ նշելով, որ դիմակների կրումը, ամենայն հավանականությամբ, կշարունակի իրողություն մնալ նաեւ հաջորդ տարի, փոխանցում է Fox News-ը:
Նա լրագրողներին ասել է, որ չնայած ինքը բեմում դոկտոր Էնթոնի Ֆաուչիից եւ դոկտոր Ֆրենսիս Քոլինզից 10 ֆուտ (ավելի քան 3 մետր – խմբ.) հեռավորությամբ է կանգնած, շարունակում է իր դիմակը կրել: ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ հաջորդ տարվա ընթացքում դիմակների կրումը կարող է զգալի թվով կյանքեր փրկել:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն իրենց հերթին շեշտել են, որ անգամ արդյունավոտ պատվաստանյութերի առկայությամբ առողջապահության ոլորտում շատ ուղեցույցներ անփոփոխ կմնան, մինչեւ հստակություն մտնի՝ կապված ընդհանուր իմունիտետի ձեւավորման հետ:
COVID-19 Genomics բրիտանական կոնսորցիումի տնօրեն Շերոն Փիկոկը հայտարարել է մտավախությունների աճի մասին, որ վիրուսների մուտացիաները այս գործընթացը կդանդաղեցնեն:
Բայդենը հինգշաբթի հայտարարել էր, որ ամռան վերջին ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ բավարար քանակությամբ պատվաստանյութեր կլինեն 300 մլն ամերիկացիների պատվաստելու համար:
ԱՄՆ-ն կգերազանցի Բայդենի դրած նպատակը՝ նախագահի պաշտոնում իր առաջին 100 օրում պատվաստանյութի 100 մլն դեղաչափ, ընդ որում՝ առաջին երեք շաբաթներին կմատակարարվի ավելի քան 26 մլն դեղաչափ: