«Որպեսզի ես ասեմ իմ աշխատանքի սկզբունքը, դա կայանում ա նրանում, որպեսզի մենք հնարավորինս մաքսիմալացնենք կամ օգտագործենք էն տնտեսական պոտենցիալը, որը Հայաստանում կա»․ էկոնոմիկայի նախարար․ «Հրապարակ»
«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ կառավարության նիստից հետո մեր հարցին, թե Իրան կատարած ուղևորության ժամանակ հարբել է և տապալել հանդիպումը, ինչ կասի դրա մասին, ասաց, թե ինքը «168.am»-ի հարցերին պատասխանել է «Սպուտնիկ Արմենիայի» եթերում», ուստի չցանկացավ իրեն «ավելորդ անգամ» նեղություն տալ՝ մի հատ էլ մեզ հետ զրույցում բացատրել, թե ինչու էր ալկոհոլը մերժող երկրում հարբել ու տապալել մեր հարևան երկիր կատարած իր պաշտոնական այցի վերջին հանդիպումը: «Չեմ պատասխանի, որովհետև մի բանը երկու անգամ չեմ ասի: Կոնկրետ նորմալ հարց տվեք: Ձեր հարցերի պատասխանն արդեն հրապարակային տվել եմ, ինչո՞ւ եք ստիպում, որ ես հարկատուների վճարած ժամանակը ծախսեմ կրկնությունների վրա»,- ասաց Քերոբյանը: Որքան էլ համոզեցինք՝ նա անդրդվելի մնաց՝ խնդրելով իրեն միայն «աշխատանքային հարցեր ուղղել»: Տեսանք, որ հնար չկա, որոշեցինք ներդրումներից հարցնել: Վերջում մի քիչ էլ՝ քաղաքականությունից:
-Պարո՛ն Քերոբյան, 2021 թվականին ի՞նչ խոշոր ներդրումներ են սպասվում մեր երկրում:
-Դրա մասին էլ եմ խոսել, բայց կարող եմ էլի կրկնել: Հենց էն ծրագրերը, որի մասին արդեն ասել եմ, դա «Ռենշին» ընկերության կողմից 50 միլիարդ դրամի ներդրում է, որն արդեն ընթացքի մեջ ա, շվեդական IT ոլորտի մեծ ընկերություն հիմա արդեն ներդրումային գործընթացի մեջ է և արդեն աշխատողներ ունի Հայաստանում, և առաջին փուլով մոտ հազար աշխատատեղ են բացելու: Դա սկզբի փուլում 10, բայց մինչև 40 միլիոն եվրոյի հասնող ներդրում ա լինելու: Նաև խոսեցինք «Barkley capital»-ի ներդրման մասին, որը Խոր Վիրապի մոտակայքում է լինելու՝ Փոքր Վեդի համայնքում:
-«Ռենշինի» հետ կապված հրապարակումներ եղան, որոնք հերքում էին Ձեր ասածները, դա շատ ավելի վաղ սկսված ներդրումային ծրագիր է:
-Տեսեք, փաստացի ներդրումը մեկնարկել է այս տարի: Բնական է, երբ որ մենք խոսում ենք շվեդական ընկերության կամ «Barkley capital»-ի մասին, իրենք էս տարի չեն եկել Հայաստան, իրենք գործընթացները վաղուց են սկսել: Ես խոսում եմ էն ծրագրերի մասին, որոնք հիմա արդեն իրագործվում են:
-Վերջին 2 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցեց տարբեր գործարանների բացման արարողություններին, Վանաձորում գազաբալոնների արտադրության, Մերձավանում՝ էլեկտրատեխնիկայի, Չարենցավանում էլ Ռոմանոս Պետրոսյանը վերելակների գործարան պիտի բացեր: Դուք տեղյա՞կ եք՝ այդ գործարանները, որոնք Փաշինյանը բացում էր, ինչու այսօր չեն գործում:
- Նայեք, ես չեմ կարող անդրադառնալ այդ երկու դեպքերին, որի մասին Դուք ասացիք, տեսեք ոնց է, քանի որ գիտեք, որ ես անցյալում եղել եմ բիզնեսմեն, կարող եմ Ձեզ պատմել, թե ոնց ա ընթանում պրոցեսը: Այսինքն՝ մարդը նախաձեռնում է ինչ-որ գործարան, հա, ասենք՝ գազի բալոնների գործարանի մասին լսել եմ, որ կա պատմություն, որ երկու բաժնետերերն իրար մեջ չեն կարողացել համագործակցել կամ համաձայնության գալ ինչ-որ հարցերի վերաբերյալ, կորցրել են փոխադարձ վստահությունը, բնականաբար, ասենք, երբ որ մեզ՝ որպես պաշտոնյաների, գալիս է խնդրանք, առաջարկ՝ մասնակցելու ինչ-որ գործարանի բացմանը, ապա մենք ուրախությամբ ընդունում ենք էդ առաջարկը ոչ թե էն պատճառով, որ մենք գնանք էնտեղ մեզ ցույց տանք, այլ որպեսզի մեր մասնակցությամբ խրախուսենք գործարարներին աշխատել Հայաստանում:
-Հիմա Դուք նախկինում կառավարության անդամների արա՞ծն եք մեկնաբանում, որ չպետք է գնան իրենց ցույց տան, թե՞...
-Չէ, ես դա ասում եմ ընդհանուր սկզբունքը:
-Բայց իրենք այլ սկզբունքով էին առաջնորդվում և գնացել են բացելու՝ ասելով, որ այսքան աշխատատեղ կստեղծվի:
-Էնպես չի, որ ես, ասենք, մարդ եմ ման գալիս, որ գնամ ինչ-որ բան բացեմ: Ասենք, էդպես չի խնդիրը: Բայց երբ որ գալիս ա առաջարկ, որ խնդրում ենք էսինչ օրը գալ էստեղ, մասնակցել էս բացման արարողությանը, ապա մենք, իհարկե, ուսումնասիրում ենք, որ դա իսկական գործարք ա կամ իսկական բացում ա, և գնում ենք:
-Իսկ փակման արարողություններին ինչո՞ւ չեք մասնակցում, որ մենք էլ գանք լուսաբանենք:
-Փակման արարողություններին չեն կանչում:
-Հիմա տեղյա՞կ եք, թե Մերձավանի էլեկտրատեխնիկայի գործարանն ինչու չի գործում:
-Որպեսզի ես ասեմ իմ աշխատանքի սկզբունքը, դա կայանում ա նրանում, որպեսզի մենք հնարավորինս մաքսիմալացնենք կամ օգտագործենք էն տնտեսական պոտենցիալը, որը Հայաստանում կա: Այսինքն, եթե մենք Հայաստանում ունենք գործարան, որը չի աշխատում, ապա իմ նպատակն է՝ անել ամեն ինչ, որ ինքն աշխատի:
-Իսկ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչու չի աշխատում, և Դուք նախորդ նախարար Տիգրան Խաչատրյանից ինչ ժառանգություն եք ստացել:
-Շատ տարբեր պրոյեկտներ, այդ թվում՝ էն, ինչի մասին, որ պատմեցի, նաև դրանք: Եվ ես իմ աշխատանքի 2, 3, 4 ժամը օրական ծախսում եմ նրա վրա, որպեսզի ներդրողների պրոյեկտներն իրականացվեն:
-Պարո՛ն Քերոբյան, Դուք այս կառավարության անդամ դարձաք պատերազմում պարտվելուց հետո, և դա քննադատվեց: Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ ովքեր գալիս մաս են կազմում, իրենց ձևակերպմամբ, այս «դավաճանական կառավարությանը», իրենք ևս պատասխանատվություն են կրելու այս կառավարության գործած մեղքերի, սխալների և ենթադրյալ հանցանքների համար: Դուք ինչո՞ւ համաձայնեցիք մաս կազմել կառավարությանը, որին մեղադրում են դավաճանության մեջ:
-Շատ լավ հարց է, շնորհակալություն էս հարցի համար: Դուք գիտեք, որ սեպտեմբերի 27-ից ես և իմ 2 եղբայրները մասնակցել ենք պատերազմին, սկզբից եղել ենք Մարտակերտի ու Աղդամի հանգույցում, հետո եղել ենք Հադրութում: Ուզում եմ Ձեզ նաև ասել, որ ես ունեմ 4 երեխա և սպասում եմ հինգերորդին, և էդ ամեն ինչը թողնելով՝ մենք գնացել ենք մեր հայրենիքը տեսնելու:
-Առավել ևս, վստահ եմ՝ տեսել եք այնտեղ տիրող իրավիճակը, խնդիրները:
-Այո, տեսել եմ իրավիճակը և հասկանում եմ, որ դա մեր ամբողջ 30 տարվա սերնդի գործողությունների արդյունքն ա: Իհարկե, կա երկիր, կառավարություն, որը պատասխանատու ա էն գործողությունների համար, որը տեղի ա ունեցել իրա կառավարման ընթացքում, բայց ես չեմ պատրաստվում՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա և միայն իմ աշխատանքի շնորհիվ եմ պլանավորում շտկել էն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք:
-Ես չգիտեմ՝ 30 տարվա ինչը նկատի ունեք, որովհետև սխալներ գուցե Տիգրան Մեծի օրոք էլ են թույլ տրվել, բայց, փաստորեն, Դուք էլ եք առաջ տանում այն թեզը, որ նախկինների մեղքն է, որ մենք պարտվեցինք այսօր: Իսկ կարո՞ղ է Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթն էլ են նախկինները ստորագրել:
-Իհարկե, ոչ: Բայց եթե մենք ունենայինք ամուր բանակ, բնակեցված տարածքներ, ոչ թե ամայի տարածքներ, մեծամասամբ՝ ամայի, մենք կունենայինք լրիվ այլ իրավիճակ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: