Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական կտա «կանայք չափից շատ են խոսում» արտահայտության և դրան հաջորդած քննադատությունների ֆոնին․ Fuji
Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի 83-ամյա նախագահ Յոշիրո Մորին «կանայք չափից շատ են խոսում» արտահայտության և դրան հաջորդած քննադատությունների տարափի ֆոնին հրաժարական կտա, ճապոնական Fuji լրատվական ցանցին հղումով գրում է Mirror-ը։
«Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Յոշիրո Մորին պատասխանատվություն է ստանձնել իր հայտարարությունների համար, որոնցով թերագնահատել է կանանց, և կոմիտեի անդամներին հայտնել է հրաժարական տալու իր մտադրության մասին»,- գրում է ճապոնական թերթը։
Նշվում է, որ Մորին, ամենայն հավանականությամբ, հրաժարական տալու իր մտադրության մասին կհայտնի ուրբաթ՝ Տոկիոյի Օլիմպիադայի գործադիր խորհրդի անդամների ժողովի ժամանակ։
Մորիի հիշյալ հայտարարությունից հետո Twitter-ում ճապոնացի օգտատերերի շրջանում րոպեների ընթաքում տարածվել է «Մորի, խնդրում եմ հրաժարական տուր» հեշթեգը։
Ավելի ուշ հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ կինը, դուստրն ու թոռնուհին իր արտահայտությունների պատճառով իրեն «նեղն են գցել»։
Նա նաև խոստովանել է, որ իր մեկնաբանությունները միանգամայն «անտեղի» էին և հակասում էին «օլիմպիական ոգուն»:
«Խորապես զղջում եմ և ցանկանում եմ հետ վերցնել խոսքերս»,- հավելել է նա։