«Արևմուտք 2021». ինչպե՞ս Ռուսաստանը կցուցադրի իր ռազմական հզորությունը կայանալիք զորավարժություններում. The National Interest
Ամերիկյան The National Interest պարբերականը հրապարակել է ազգային անվտանգության հարցերով թղթակից Մարկ Էպիսկոպոսի հոդվածը, որում անդրադարձ է կատարվում 2021 թվականի սեպտեմբերին կայանալիք «Արևմուտք 2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին:
Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.
«Ռուսաստանն ու իր գործընկերները հիմքեր են նախապատրաստում այս տարվա ընթացքում կայանալիք «Արևմուտք 2021» զորավարժությունների զանգվածային շարքի համար:
Այս շաբաթվա սկզբին Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական հրամանատարությունը համատեղ շտաբային զորավարժություններ կիրականացնի:
Հեղինակն այս առնչությամբ շեշտում է, որ Բալթյան նավատորմի վերջին մարտական վարժանքների նման, այս շտաբային զորավարժությունները ևս ճանապարհ են հարթում «Արևմուտք 2021»-ի համար, որում ներգրավված են Ռուսաստանի Արևմտյան ռազմական շրջանը և Բելառուսի զինված ուժերը:
Հոդվածագիրը նկատում է՝ «Արևմուտք»-ը Ռուսաստանի այն չորս տարածաշրջանային վարժանքների արևմտյան բաղադրիչն է, որոնք տարեկան կտրվածքով հերթականությամբ անցկացվում են:
««Արևելք -2018» (Արևելք), «Կենտրոն-2019» (Կենտրոն), «Կովկաս-2020» (Կովկաս) և այժմ «Արևմուտք»-2021»,- շեշտում է նա ու հավելում՝ այս զորավարժությունները կենտրոնացած կլինեն Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող Մոսկվայի, Բրյանսկի, Սմոլենսկի և Կուրսկի շրջաններում, իսկ ինչ վերաբերում է դաշնության Կենտրոնական Եվրոպայում գտնվող անկլավ Կալինինգրադին, ապա դեռևս որևէ բան պարզ չէ:
Հեղինակի խոսքով՝ այստեղ առկա կլինի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նշանակալի բաղադրիչ, որը նախանշվում է հունվարի վերջին Ռուսաստանի և Բելառուսի հակաօդային զորավարժություններով, ինչպես նաև Արևմտյան ռազմական շրջանի վերջերս արված հայտարարությամբ, ըստ որի՝ «զորավարժությունը կկենտրոնանա թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի վրա»:
Բացի այդ, հաղորդվում է՝ զորավարժությունները կկենտրոնանան ավելի շատ ոչ սովորական զինատեսակների վրա: Ըստ Մոսկվայի ու Մինսկի՝ «Արևմուտք 2021»-ը նախատեսված է պայմանական պետության հետ ռազմական բախման սրումը մոդելավորելու համար:
Էպիսկոպոսը մանրամասնում է նաև, որ 2017 թվականին անցկացված «Արևմուտք» զորավարժություններում ներգրավվել էր մոտ 13 000 ռուս և բելառուս զինծառայող, այդ թվում՝ զրահատանկային, ծովային և օդային ստորաբաժանումներ: Ըստ ՌԴ տվյալների՝ վարժանքներին, ընդհանուր առմամբ, ներգրավված են եղել 70 ինքնաթիռներ և 680 անուն ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 250 տանկ և հարյուրավոր հրթիռահրետանային զինատեսակներ:
Հեղինակը հիշեցնում է՝ այս զորավարժություններն անմիջապես դատապարտվել էին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից, որը Կրեմլին մեղադրել էր «զորավարժությունների մասշտաբը նվազեցնելու և իր որոշ զորքերը Բելառուսի տարածքից դուրս չբերելու համար»: Ավելի ուշ՝ 2017 թվականին, Լեհաստանը, Ռուսաստանի հակառակորդների՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի զորավարժությունների համատեղ շարք է նախաձեռնել:
Վերլուծաբանը հստակեցնում է նաև, որ «Արևմուտք 2021» զորավարժությունները, որոնց նախորդել են Բելառուսում քաղաքացիական անկարգությունները և Բալթյան ավելի լայն տարածաշրջանում ռազմական լարվածության աճը, նույնչափ սադրիչ են թվում:
«Դրանք, ամենայն հավանականությամբ, կարևոր իրադարձություն կդառնան ռուս-բելառուսական ռազմական ինտեգրման գործընթացում, որն ավելի լայն թափ էր առել 2020 թվականին Բելառուսում տեղի ունեցած և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տապալելու նպատակ ունեցող բողոքի ալիքի ֆոնին»,- կարծում է Էպիսկոպոսը:
Բացի այդ, հեղինակն ընդգծում է՝ Ռուսաստանը, որը Բելառուսի տարածքում մի քանի ռազմաբազա ունի, ավելացրել է իր ռազմական ներկայությունն այս երկրում և դրա շրջակայքում` հակակառավարական ցույցերի մեկնարկից անմիջապես հետո:
Նա նկատում է՝ այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել անձամբ Լուկաշենկոն 2020 թվականին Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս պարզաբանել էր, որ «Բելառուսն ու Ռուսաստանը կարող են շատ հարցերի շուրջ վիճել, բայց ինչ վերաբերում է պաշտպանությանն ու անվտանգությանը, ապա այստեղ ամեն բան անվիճելի է»: