Twitter-ը Թրամփի օգտահաշիվը չի վերականգնի նույնիսկ, եթե վերջինս կրկին դառնա երկրի նախագահը
Twitter-ում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելափակումը մշտական է, այն կպահպանվի նույնիսկ եթե վերջինս կրկին դառնա երկրի նախագահը, CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Twitter-ի ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը։
«Մեր քաղաքականության համաձայն՝ երբ հեռացվում եք հարթակից, հեռացվում եք առհավետ։ Անկախ նրանից՝ հեռուստամեկնաբան եք, ֆինանսական տնօրեն, նախկին, թե ներկա ծառայող, պետք է հիշեք, որ մեր քաղաքականությունը միտված է բացառել հարթակում բռնության կոչերը և եթե որևէ մեկը խախտում է այն, մենք ստիպված ենք հեռացնել նրան․ մեր քաղաքականությունը թույլ չի տալիս նրանց վերադառնալ»,- ասել է Սեգալը։
Twitter-ը Թրամփի օգտահաշիվն արգելափակել էր հունվարի 6-ին՝ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո։
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել: