Ինչպե՞ս են պարզել լայն շրջանակների տրամադրությունները, իրենց պատգամավորները խնդիր ունեն փողոց դուրս գալու, մարդկանց հետ շփվելու․ Անի Սամսոնյանը՝ արտահերթ ընտրություններ չանելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրել է.
«ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հարց է բարձրացրել, թե ինչպես է իշխանությունը պարզել, որ չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ հանրային պահանջ: «Մարդկանց լռությունն իրենք ընկալում են որպես վստահություն, բայց դա վստահություն չէ: Մարդիկ շատ են հարցնում՝ լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ, թե ոչ: Եվ ես կարծում եմ, որ այս հարցից ելնելով՝ նշանակում է, որ մարդիկ նման ցանկություն ունեն»,- նշել է նա:
֊Տիկի՛ն Սամսոնյան, իշխանությունը պարզել է, որ հանրության լայն շերտերը չեն ցանկանում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, և որոշել են օրակարգում այլևս այդ հարցը չքննարկել: Նրանք մեղադրում եմ ընդդիմությանը: Ինչո՞ւ իշխանությունը գնաց նման քայլի:
֊Նախ՝ ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպես է իշխանությունը պարզել լայն շրջանակների այդ տրամադրությունների մասին, քանի որ իրենց պատգամավորները խնդիր ունեն փողոց դուրս գալու, մարդկանց հետ շփվելու: Ո՞նց կարելի է չափել մարդկանց տրամադրությունները: Պարզապես ես կարծում եմ, որ մարդկանց լռությունը, պասիվությունն իրենք ընկալում են որպես իրենց վստահություն, բայց դա վստահություն չէ: Շատ են հարցնում՝ լինելու են արտահերթ ընտրություններ, թե ոչ, և ես այդ հարցից հասկանում եմ, որ մարդիկ գոնե մտածում են, որ արտահերթ ընտրություններով կլինեն փոփոխություններ, կգա այլ մարդը, և այս վտանգավոր իրավիճակից դուրս կգանք: Շատ մարդիկ կան, որոնք ուզում են ներդրումներ, ճամպրուկներով պատրաստ կանգնած են. լինեն ընտրություններ, կփոխվի իշխանությունը՝ կմնան, չի փոխվի՝ պատրաստվում են հեռանալ: Այսինքն՝ խնդիրը կա: Իշխանությունը պետք է կողմնորոշվի ու հստակ հայտարարի՝ անում են արտահերթ ընտրություններ, թե ոչ: Ըստ իս՝ այս վարքագիծն ունի երկու նպատակ՝ այն, որ դատարկ թեման անընդհատ պտտել, և մյուսը՝ որպեսզի մի օր անակնկալ ձևով, թողնելով մարդկանց անորոշության մեջ, հանկարծակի հայտարարի, որ գնում է արտահերթ ընտրությունների, և հնարավորություն չտա մյուս քաղաքական ուժերին հավասար մրցակցային պայմաններ ստեղծել: Սա անազնիվ վարքագիծ է, որն այս իշխանության պարագայում ես նորմալ եմ համարում:
-Իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը որևէ ձևով չի համաձայնել գնալ արտահերթ ընտրությունների: Ընդամենը պահանջ կա վարչապետի հրաժարականի, որն էլ իրենց համար ընդունելի տարբերակ չէ: Արդյո՞ք ընդդիմության պատճառով մերժում եղավ:
֊Այստեղ ևս մարդկանց փորձում են խաբել՝ ասելով, թե ընդդիմությունը չի համաձայնում, որովհետև մենք երբեք չենք դրել հստակ պահանջ, որ չեք անում և վերջ: Մենք ասել ենք՝ ուզում ենք անենք, մենք ունենք այլ օրակարգ, դա ձեր հրաժարականն է, ժամանակավոր իշխանության ստեղծումն է: Եթե դուք ձեր օրակարգն ուզում եք իրականացնել, կյանքի կոչեք, մեզանից ի՞նչ եք ուզում, որտե՞ղ են ձեր վախերը: Իրականում բոլոր քննարկումներում իշխանությունը ցուցաբերում է իր վախերը: Եթե վախ չունեն, թող հանգիստ գնան ընտրությունների: Եթե վախեր ունեն, դա իրենց խնդիրն է, մենք այդ հարցում իրենց չենք կարող օգնել:
-Ումի՞ց են վախենում խորհրդարանակա՞ն, թե՞ արտախորհրդարանական ուժերից:
֊Բոլորից, նաև հանրությունից: Հանրության լռությունը պետք չէ խառնել վստահության հետ: Այսօր փոփոխությունների կարիք կա, և այդ փոփոխությունները սպառված իշխանությունն այլևս չի կարող իրականացնել: Այս անորոշությանը պետք է վերջ տրվի, կա՜մ թող հրաժարական տա, մեր օրակարգի համաձայն՝ գանք համաձայնության, հեռանա, անցումային կառավարություն ստեղծենք, կա՜մ, եթե կարող է, թող անեն իրենց արտահերթ ընտրությունները: Մեր առջև որևէ նախապայման դնելը միայն վախերի ցուցադրություն է:
-Սա չի՞ սրելու իրավիճակը, քանի որ արտախորհրդարանական ուժերը հանրահավաքների են պատրաստվում, իսկ խորհրդարանական ընդդիմությունն էլ ճնշման է ենթարկում ու ասում, որ ցանկացած օրակարգ կեղծ է: Ըստ Ձեզ՝ սա կսրի՞ իրավիճակը:
-Այս քաղաքական իրավիճակը չի կարող ապահովել հարմարավետ դաշտ Հայաստանի առջև ծառացած իրական խնդիրների լուծման համար: Փոփոխություններ անպայման պետք է լինեն, և դա իշխանության պատասխանատվությունն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: