Թուրքիան հայտարարել է, որ չի ենթարկվի Ս-400 ՀՕՊ համակարգերից հրաժարվելու ԱՄՆ պահանջներին
Անկարան մտադիր չէ ենթարկվել ՌԴ-ից ձեռք բերված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերից հրաժարվելու Վաշինգտոնի պահանջներին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին:
«ԱՄՆ-ի հետ Ս-400-ների վերաբերյալ դեռ պայմանավորվածություններ չկան: Որպես նախապայման` նրանք պահանջում են հրաժարվել համալիրների տեղակայումից: Սակայն Թուրքիան չի պատրաստվում ընդունել այդ պայմանը: Ս-400 համակարգերից հրաժարվելու, ինչպես նաեւ դրանց շուրջ առեւտրի մասին որեւէ խոսք չկա` նույնիսկ հաշվի առնելով այն, որ մեզ հեռացնում են Ֆ-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` Թուրքիայի նպատակն է արտադրել սեփական ՀՕՊ համակարգերը: «Մեզ համար դա ազգային անվտանգության խնդիր է: Իհարկե, քանի որ մենք ՆԱՏՕ-ում ենք, բնական է ակնկալել, որ մենք կարող ենք մեր դաշնակիցներից ստանալ այն, ինչ մեզ անհրաժեշտ է: Սակայն նրանք անկեղծության թեստը չանցան, ուստի եւ մենք պայմանավորվեցինք Ռուսաստանի հետ, եւ ՌԴ-ն անկեղծորեն ցույց տվեց մեզ իր բարեկամությունը: Մենք շարունակում ենք բանակցությունները Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման շուրջ»,- հավելել է Սաֆին: