«Չինաստանի և ԱՄՆ-ի բախումն աղետ կլինի ինչպես 2 երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»․ Սի Ծինփին
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում հայտարարել է, որ երկու երկրների բախումը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար, փոխանցում է ria.ru-ն։
Նրա խոսքով՝ Պեկինի և Վաշինգտոնի համագործակցությունը երկկողմ հարաբերություններում միակ ընտրությունն է:
«Չին-ամերիկյան համագործակցությունը շատ առումներով բարենպաստ է ինչպես ԱՄՆ-ի և Չինաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Չինաստանի և ԱՄՆ-ի բախումը, միանշանակ, աղետ կլինի ինչպես երկու երկրների և այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Չինաստանի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ չնայած որոշ հարցերի վերաբերյալ տարակարծություններին, կողմերը պետք է դրանք լուծեն փոխադարձ հարգանքի հիման վրա:
Բացի այդ, նա կոչ է արել վերսկսել Պեկինի և Վաշինգտոնի միջև երկխոսության մեխանիզմները։
Ավելի վաղ Սպիտակ տունը ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հեռախոսազրույցի վերաբերյալ ևս հաղորդագրություն էր տարածել։
«Նախագահ Բայդենը հաստատել է, որ իր առաջնահերթությունն ամերիկացիների անվտանգության, բարգավաճման, առողջության և կենսակերպի պաշտպանությունն է, ինչպես նաև ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պաշտպանությունը:
Նախագահ Բայդենն ընդգծել է Պեկինի հարկադիր և անազնիվ տնտեսական գործողությունների, Հոնկոնգում հետապնդումների, Սինցզյանում մարդու իրավունքների խախտման և տարածաշրջանում, այդ թվում՝ Թայվանի նկատմամբ ավելի ու ավելի համառ գործողությունների վերաբերյալ իր մտահոգությունը»,- հայտնել էր Սպիտակ տունը: