Թրամփն ու Փենսը Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո մինչև հիմա չեն կարգավորել իրենց հարաբերությունները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահ Մայքլ Փենսը հունվարի 6-ին Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո դեռևս չեն կարգավորել իրենց հարաբերությունները։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ի նախկին նախագահի և նրա փոխնախագահի լարված հարաբերությունները մինչ այժմ չեն կարգավորվել: CNN-ի աղբյուրները նշել են, որ Թրամփը նաև չի մտահոգվել այն կապակցությամբ, որ անկարգությունների ժամանակ նախկին փոխնախագահի կյանքն ու առողջությունը կարող էին վտանգի ենթարկվել։
Ավելի վաղ Սենատում Թրամփի իմփիչմենթի գործով լսումների ժամանակ մեղադրող կողմը հանդես էր եկել այն պնդմամբ, որ ցուցարարները սպառնացել են սպանել Փենսին, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:
Նշենք, որ Թրամփը և Փենսը հունվարի 6-ի դեպքերից հետո մի քանի օր միմյանց հետ չեն խոսել։ Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախկին առաջնորդը հիասթափված էր, որ Փենսը չի փորձել վիճարկել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն` հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը:
Ավելի ուշ NBC հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թրամփն ու Փենսն, ի վերջո, զրույցել են և պայմանավորվել մինչև իրենց վարչակազմի լիազորությունների ավարտը շարունակել համատեղ աշխատանքը։
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել: