ԱՄՆ-ում ավելի քան 100 նախկին հանրապետական պաշտոնյա քննարկում է նոր կուսակցության ստեղծման հնարավորությունը․ Reuters
Հարյուրից ավելի ամերիկացի քաղաքական գործիչներ, որոնք որպես Հանրապետական կուսակցության անդամներ նախկինում տարբեր պաշտոններ են զբաղեցրել, քննարկում են նոր աջակենտրոն կուսակցության ստեղծումը: Ինչպես իր աղբյուրներին հղումով հաղորդում է Reuters գործակալությունը, նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրությունը նրանք կապում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից մարդկանց դժգոհության հետ:
«Հանրապետական կուսակցության զգալի մասն ավելի արմատական է դառնում և սպառնում է ամերիկյան ժողովրդավարությանը։ Կուսակցությունը պետք է հաստատի իր հավատարմությունը ճշմարտությանը և բանականությանը, այլապես նոր բան է պետք»,- գործակալությունը մեջբերում է անկախ քաղաքական գործիչ Էվան Մաքմալինի խոսքը:
Մաքմալինը հայտնել է, որ փետրվարի 5-ին ավելի քան 120 հանրապետական քաղաքական գործիչներ տեսակոնֆերանս են անցկացրել, որի ընթացքում մշակել են հետագա գործողությունների երկու տարբերակ՝ աջակենտրոն նոր կուսակցության և քաղաքական խմբակցության ստեղծում Հանրապետական կուսակցության ներսում կամ դրա սահմաններից դուրս:
Նրա խոսքով՝ բոլոր գործիչները հանդես են գալիս «սկզբունքային պահպանողականության» արժեքներին վերադառնալու օգտին, որոնց հիմքը՝ ԱՄՆ Սահմանադրությանը հավատարմությունը և օրենքի գերակայությունը, «խախտել է Վաշինգտոնի վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը»: Նշվում է, որ քննարկմանը մասնակցել են նաև նախկին նախագահներ Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշ ավագի, Ջորջ Բուշ կրտսերի և Դոնալդ Թրամփի վարչակազմերի նախկին աշխատակիցները:
Քաղաքական գործիչները մտադիր են հասնել ընտրություններում իրենց թեկնածուների առաջադրմանը, ինչպես նաև աջակցել նրանց արժեքները կիսող ցանկացած թեկնածուի: Նոր քաղաքական ուժի հնարավոր անվանումներից են Integrity Party-ն և Center Right Party-ն։