Չինացի տղամարդիկ դեռևս 2700 տարի առաջ կոսմետիկա են օգտագործել
Չինաստանում տղամարդիկ դեռեւս 2700 տարի առաջ կոսմետիկա են օգտագործել: Այսպիսի եզրակացություն են արել երկրի հնագետները՝ ազնվական չինացու գերեզմանում դեմքի քսուքի մնացորդներով սրվակ հայտնաբերելով:
Պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվել է գտածոն, սկսվել են չորս տարի առաջ: Հենց այդ ժամանակ են չինացի հնագետները՝ Չինաստանի գիտությունների ակադեմիայի համալսարանի աշխատակից Իմին Յանի գլխավորությամբ, հայտնաբերել չինացի ազնվականի հնագույն դամբարանը, հայտնում է Planet-today-ը՝ հղում անելով Archaeometry-ին:
Հարուստ գերեզմանը հայտնաբերվել է Չինաստանի հյուսիսում: Այն ժամանակաշրջանում, որին վերաբերում է հուղարկավորությունը, այստեղ գտնվում էր Ռուի նահանգը, որի տիրակալը Հյուսիսային Չինաստանում իշխող Արեւելյան Չժոուն էր: Պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ արտեֆակտների շնորհիվ գիտնականները կարողացել են պարզել, որ տղամարդուն թաղել են մ.թ.ա. 8-րդ դարի կեսերի եւ մ․թ․ա․ 5-րդ դարի կեսերի միջեւ ընկած ժամանակաշրջանում: Այդ ժամանակ տարածքը, որի վրա հայտնաբերվել էր գերեզմանը, պատկանել է Հին Ռուի մայրաքաղաք Լյուցզյավային: Գերեզմանում բազմաթիվ թանկարժեք իրերը ցույց են տալիս, որ տղամարդը հարուստ եւ հայտնի է եղել:
Հենց գտածոներից մեկն էր ի սկզբանե վեճեր առաջացրել հնէաբանների շրջանում՝ նուրբ նախշերով առատորեն զարդարված բրոնզե սրվակը սկզբում համարել էին գրելու պարագա: Սակայն արտեֆակտի հետագա ուսումնասիրության արդյունքում ներսում հայտնաբերվել էր փափուկ դեղնավուն նյութ, որը գրեթե երեք հազար տարի անց չի կորցրել իր բաղադրությունը: Իրականացվել է մանրամասն քիմիական վերլուծություն, որի ընթացքում պարզվել է, որ սրվակում դեմքի քսուքի տեսակ է: Եւ բացառված չէ, որ, ըստ չինական հավատալիքների, այդպիսի քսուքը համարվել է «կախարդական»:
Քիմիական անալիզի ընթացքում գիտնականները պարզել են, որ քսուքը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ կովի ճարպ եւ այսպես կոչված «լուսնային կաթ»: «Լուսնային կաթ» են անվանում այն նյութը, որը արդյունահանվում է կրաքարերից քարանձավների առաստաղին «աճող» բյուրեղներից: Բյուրեղները հավաքել են, վերածել փոշու եւ ավելացրել դեմքի ու մարմնի համար կոսմետիկայի մեջ: Համարվում էր, որ «լուսնային կաթով» քսուքները մաշկին տալիս են ճենապակու գույն: Իհարկե, Չինաստանի հնագետները նախկինում գտել էին «լուսնային կաթով» կոսմետիկ միջոցների մնացորդներ, բայց տղամարդու գերեզմանում նման հայտնագործություն առաջին անգամ է կատարվել:
Գիտնականների շրջանում ծագել է ենթադրություն, որ հնարավոր է չինացի ազնվականները դեմքի այդպիսի քսուքը օգտագործել են ոչ այնքան մաշկի սպիտակեցման, որքան կախարդական նպատակներով: Հին դաոսիստների համոզմունքների համաձայն, «լուսնային կաթով» քսուքով մաշկը մերսելը թույլ էր տալիս մարդուն ընդունել քարանձավային օգտակար հանածոների «կախարդական» հատկությունները: Բացի այդ, գիտնականները հնարավոր են համարում այն վարկածը, որ դեմքի քսուքի օգտագործումը տղամարդուն թույլ է տվել ընդգծել իր հարստությունն ու բարձր կարգավիճակը հասարակության մեջ:
Հնագետները նշում են, որ այս ոլորտում հետագա ուսումնասիրությունները լույս կսփռեն Հին Չինաստանում կոսմետիկ արդյունաբերության առաջացման վրա, ընդ որում՝ ոչ միայն հենց արտադրության, այլ նաեւ դրա փաթեթավորման: