Բայդենի վարչակազմը կշարունակի ջանքերը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման ուղղությամբ
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի ջանքերը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Թագավորությունից Միացյալ Նահանգներ արտահանձնման ուղղությամբ մեղադրանքներ առաջադրելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարկ Ռայմոնդին, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով` ԱՄՆ կառավարությունը կվիճարկի բրիտանական դատավորի որոշումն այն մասին, որ Ասանժը չպետք է արտահանձնվի ԱՄՆ` ինքնասպանություն գործելու ռիսկի պատճառով:
Ասանժին Մեծ Բրիտանիայից արտահանձնելու շուրջ բանավեճը սկսվել էր մոտ մեկ տասնամյակ առաջ, երբ ԱՄՆ նախագահ էր Բարաք Օբաման, իսկ Ջո Բայդենը` փոխնախագահ: Օբամայի վարչակազմի Արդարադատության նախարարությունը որոշել էր չհասնել Ասանժի արտահանձնմանը` պատճառաբանելով, որ Ասանժի եւ WikiLeaks-ի գործողությունները չափազանց նման են լրագրողական գործունեությանը, որը պաշտպանված է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ: Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներն ակտիվացրեցին Ասանժի եւ WikiLeaks-ի հասցեին հնչող քննադատությունները եւ մի շարք կոշտ քրեական մեղադրանքներ ներկայացրին:
Ասանժի կողմնակիցները ճնշում են գործադրում Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի այն վերացնի մեղադրանքները նրա դեմ Սպիտակ տանը Բայդենի գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում: